ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ծաղկաձորում կայացած Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը կազմակերպվել էր հուլիսի 11-15-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը:

Ողջունելով մասնակից գրողներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց օտարագիր գրողների դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում և օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա: «Եթե Ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչև 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին և գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Այնուհետև համաժողովի մասնակից գրողները մասնակցեցին «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրեց ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող  Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:

ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» ծրագրի մասնակից պատանիներին և աղջիկներին կոչ արեց օրինակ վերցնել օտար ափերում ապաստանած, բայց իրենց հայեցի դիմագիծը չկորցրած ավելի տարիքով գրողներից, բանաստեղծներից:

Համաժողովի մասնակիցները նաև ծանոթացան ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայության հետ տարվող աշխատանքներին:

Անվանի ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը, հանդես գալով շնորհակալական խոսքով, մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ իմ հայ ժողովրդին, որ միշտ ազնիվ է եղել իմ հանդեպ: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, բայց վերջին սերն իմ Հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ այն, ինչ տեսա այսօր, պարզապես հիասքանչ  է»:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին նվիրեց նախարարության պատվերով և նախաձեռնությամբ լույս տեսած «Գրական Սփյուռք» և «Սփյուռք» տարեգրքերը, ինչպես նաև մի քանի այլ աշխատություններ:

օտարագիր (2) օտարագիր (1)

Scroll Up