Մանկության վառ հուշեր, որ պատմում են նախարար դարձած «մանուկները». Հրանուշ Հակոբյան

Ծնվել ու մեծացել եմ մանկավարժների ընտանիքում, որտեղ ազգայինը, հայրենասիրականն ամեն ինչից վեր էր: Փոքր տարիքից մենք դաստիարակվում էինք Մաշտոցով, Խորենացիով, Նարեկացիով, Քուչակով: Շատ հաճախ հայրս, Խորհրդային տարիների այդ փակ համակարգի պայմաններում, տուն էր բերում մեր պատմության ու ականավոր դեմքերի հետ կապված անտիպ նյութեր: Արգելված գրականությունը տուն բերելով հայրս հատուկ հանձնարարություն էր տալիս` հանկարծ ուրիշը այդ մասին չիմանա: Ես հինգերորդ դասարան էի, երբ Շիրազի անտիպ գործերը սկսեցին տարածվել հանրապետությունում: Այդ ժամանակ ես չէի հասկանում անտիպը որն է, տպագրվածը` որը: Հայրս հերթական անգամ Շիրազի անտիպ բանաստեղծությունների մի տրցակ էր տուն բերել: Քանի որ ես ասմունքի նկատմամբ յուրօրինակ սեր ունեի, անմիջապես սովորեցի «Յոթը բուռ մոխիր» բանաստեղծությունը:

Որոշ ժամանակ անց Գավառում ասմունքի մրցույթ էր, ու ես արտասանեցի հենց այդ բանաստեղծությունը.

…Երբ որ մեռնեմ, ինձ այրեցեք,
Բայց մոխրիցս յոթը բուռ
Տարե՛ք, ցրե՛ք Հայաստանիս
Յոթը կողմերը դեռ անդուռ:

Առաջին բուռն համասփռեք
Կրծքին բանտված Մասիսի,
Որ խառնվեմ իր մեծ սրտին,
Հովանա սիրտն իմ հույսի:

Թե չէ այսպես, ինչպես գառը
Հեռու կապեն իր մորից,
Թե չձուլվեմ Արարատին,
Ես կմեռնեմ կարոտից…

Ես ասմունքեցի, չհասկանալով, թե այդ բառերի իմաստը, նշանակությունն  ինչ վտանգ կարող է իր մեջ պարունակել: Ես, որ միշտ գերազանց էի սովորում, հաճախ էի պարգևներ ստանում, այս անգամ մասնակցելով օլիմպիադայի` ոչինչ չստացա ու արտասվելով տուն եկա: Երեկոյան մայրս, ով դպրոցի տնօրեն էր, շատ լարված, վախեցած աշխատանքից վերադարձավ, կանչեց ինձ, գրկեց ու ասաց. «Աղջի՛կս, այսօր մրցույթում ի՞նչ ես արտասանել»: Երբ մորս ասացի, թե ինչ եմ արտասանել ու դժգոհեցի, որ ինձ ոչինչ չտվեցին ու չհաղթեցի, նա ճակատս համբուրեց ու ասաց. «Բալե՛ս, այլևս դա չարտասանես, եթե արտասանես, հայրիկին կբռնեն»։ Ես սարսափեցի, իսկ մորս այդ խոսքերը դաջվեցին ուղեղումս։ Տարիներ հետո միայն իմացա, որ այդ նույն օրը, մորս կանչել են կուսակցության շրջանային կոմիտե և մի մեծ «դաս» տվել: Իսկ համապատասխան մարմիններն էլ կանչել են հորս և բացատրություն պահանջել, թե ինչպես է իր հինգերորդ դասարանի երեխան արտասանում Շիրազի չտպագրված բանաստեղծությունը։

Փա´ռք Աստծո, որ հիմա ապրում ենք անկախ Հայաստանում, և մեր փոքրիկները մայրենին սովորելիս երբեք նման սահմանափակումներ չունեն։

Scroll Up