Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով Ալեքս Կալայջյանը չի կարող մասնակցել «Սփյուռք ամառային դպրոցին»

Հուլիսի 9-ին Ծաղկաձորի Երիտասարդական կենտրոնում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց»-2013թ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:

 Այս տարի ծրագրին մասնակցում է 210 սփյուռքահայ աշխարհի ավելի քան 25 երկրից:

Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով Սփյուռքի լրագրողների դասընթացին չի կարող մասնակցել Հալեպում բնակվող մեր հայրենակից Ալեքս Կալայջյանը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնում ենք Ալեքս Կալայջյանի նամակն ամբողջությամբ.

«Սիրելիներ,  ցավոք  սրտի  պիտի  չկարողանամ  մասնակցել  «Լրագրողների  ամառային դպրոցի  դասընթացքների»  ծրագրին,  որովհետեւ  ինչպես  տեղյակ էք,  թե  ես  Հալեպ  եմ բնակում:  Հալեպը  ամբողջապես  շրջապատվել  է  ահաբեկիչներով  եւ  նրանք  քաղաքի բոլոր  ճանապարհները  փակել  են:  Չկա  օդանավ  եւ  ոչ  էլ  հանրակառք,  որպեսզի կարողանայի  գալ  Հայաստան: Մի  խոսքով`  ոչ  ոք  կարող  է  դուրս  գալ  քաղաքից  եւ որեւէ մի տեղ գնալ:

Լրջորեն  ժողովուրդը  սովի  մեջ  է  եւ  շատ  դժվար  ենք  գտնում  մեր  առօրյայ  հացը:

Առ  այդ,  իմ  կանխահայտ  շնորհակալություններն  եմ  հայտնում  ձեզ,  եւ  նամանավանդ տիկ.  Հրանուշ  Հակոբյանին,  որ  ինձ  առիթ  տվեց  մասնակցելու  սույն  դասընթացքներին»:

 Նշենք, որ «Սփյուռք ամառային դպրոցը» հայերենի ուսուցման և Սփյուռքի մասնագետների վերապատրաստման ծրագիր է, որն  արդեն երկրորդ տարին է անցկացվում:

Ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով՝ Հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք կտևեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ը, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի15-օգոստոսի2), Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Ազգային երգի ու պարի դասընթաց ( հուլիսի 24 – օգոստոսի 2):

Scroll Up