«Սփյուռք» ամառային դպրոցը կրկին բացում է իր դռները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/oc.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանությանը, ազգային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերից մեկը «Սփյուռք» ամառային դպրոցն է: Ամառային դպրոցի նախատիպը տարիների խորքից է գալիս.դեռևս խորհրդային միության տարիներին Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի և Հայաստանի կառավարության ջանքերով յուրաքանչյուր տարի Հայաստան էին գալիս սփյուռքահայ ուսուցիչները՝ վերապատրաստման դասընթացներ ունենալու նպատակով:
Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո նախարար Հրանուշ Հակոբյանի հետևողական, սրտացավ աշխատանքի շնորհիվ կրկին կյանքի կոչվեց Ամառային դպրոցը՝ իբրև Սփյուռքում ազգային դպրոցների պահպանման, մայրենիի ուսուցման, Հայաստան-Սփյուռքի կապերի ամրապնդման երաշխավոր: «Սփյուռք» ամառային դպրոցը առավել ոգևորեց սփյուռքյան դպրոցներում մայրենիի նկատմամբ ուշադրությունը. համայքների դպրոցների զգալի մասը տեղյակ չէին հայաստանյան կրթական համակարգից, ուսուցման նոր ծրագրերից և մեթոդներից, իսկ մայրենիի ուսուցիչների թիվը անկում էր ապրում, ինչից տուժում էր մայրենիի ուսուցման որակը:
Այսպիսով, «Սփյուռք» ամառային դպրոցը ամուր հիմքեր գցելուց, հաստավելուց հետո ընդլայնեց ոչ միայն ծրագրի մասնակիցների թիվը, այլև ծրագրի ուղղությունը բազմաճյուղ դարձավ. հայոց լեզվի արագացված դասընթացը, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացները, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստումը, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացները, սփյուռքի լրագրողների դասընթացները, սփյուռքի հայ համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթացները:
Սփյուռքի նախարարությունը առաջնահերթ խնդրի լուծում համարեց մայրենիի ուսուցիչների վերապատրաստման հարցը:
Ուսուցիչների հետ տարվող աշխատանքներում կարևորվեց արևմտահայերենի և արևելահայերենի դասավանդման ճշգրիտ բաշխումը. դասական սփյուռքում ուսուցումը, բնականաբար, կազմակերպվում է արևմտահայերենով, իսկ նորակազմ սփյուռքում առավել շատ՝ արևելահայերենով, ուստի նախարարությունը դասակարգեց մոտեցումները՝ առանձնացնելով արևմտահայերենի և արևելահայերենի դասավանդումը:
Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվում գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը:
Ծրագիրը կիրականացվի Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների, հանրապետության փորձառու մանկավարժների մասնակցությամբ:
Քննարկվում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր:
Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս մայրենիի դասընթացները կվարեն hանրապետության և սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժները: Մայրենիի ուսուցման ընթացքը կզուգակցվի տեսական-գործնական պարապունքներով, սովորողները հնարավորություն կունենան տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվել և լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվել: Երեքշաբաթյա դասընթացներին կարող են մասնակցել սփյուռքահայեր՝ առանց տարիքային սահմանափակման:
ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում են նաև Սփյուռքում ապրող և աշխատող լրագրողները.«Սփյուռք» ամառային դպրոցի գործառույթների մեջ ընդգրկված է նաև լրագրողների վերապատրաստումը: Հայաստան ժամանած Սփյուռքի լրագրողների մասնագիտական որակների մակարդակը բարձրացնելու համար դպրոցի շրջանակում այս ուղղությանը նույնպես համալիր մոտեցում է ցուցաբերվում. լրագրողները ոլորտին առնչվող դասախոսություններ են լսում, զրույց-հանդիպումների են մասնակցում, ինչպես նաև մոտիկից ծանոթանում են Հայաստանում գործող լրատվամիջոցների աշխատանքներին:
Սփյուռքի նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Սփյուռքում գործող ազգային երգի ու պարի խմբերին, մասնագետներ է գործուղում, կազմակերպում է տարբեր փառատոներ։ Սփյուռք ամառային դպրոցում կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ պարուսույցների և խմբավարների համար: Կարևոր ձեռքբերումներից էր երիտասարդ առաջնորդների դպրոցի կազմակերպումը:
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, մշակութային խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2015թ. շարունակում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:
«Սփյուռք» ամառային դպրոցում ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գործելու են վեց ուղղություններով դասընթացներ.
1.Հայոց լեզվի արագացված ուսուցում
2.Կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում
3.Սփյուռքի լրագրողների դասընթաց
4.Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ
5.Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց
6.Սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց
Իսկ այս հղումով կարող եք ներբեռնել ծրագրին մասնակցելու հայտադիմումները և ստանալ հավելյալ տեղեկություն:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը