Երևանում կայացան Ուրուգվայի «Կոմիտաս» հայկական ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումներ

Մայիսի 26-ին, Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում շարունակվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող՝ Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները:

 Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական ռադիոժամերի դերը հատկապես հայկական համայնքների կազմավորման առաջին տարիներին, որոնցից ամենաառաջիններից ու երկարակյացներից մեկը Ուրուգվայի 80-ամյա «Կոմիտաս» ռադիոժամն է:

 Նա նշեց, որ դեռևս 1935 թվականի օգոստոսի 18-ին, Ուրուգվայում սկսեց գործել հայկական առաջին ռադիոկայանը՝ դառնալով հայոց լեզվի, հայ ինքնության, ազգային ավանդույթների և արժանապատվության,  հայոց լեզուն ու հայրենիքի զգացողությունները վառ պահող  մի անմար փարոս: Ռադիոժամի բացառիկ առաքելությունը եղել է նաև այն, որ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ միշտ լսելի է դարձրել Հայրենիքի ձայնը, աշխարհասփյուռ հայության ձայնը՝ արծարծելով նաև Հայ դատի, հայոց պահանջատիրության խնդիրները, լեզվի և ինքնության պահպանման հարցերը:  Եվ սա այն դեպքերից է, երբ առանց վարանելու կարող ենք ասել, որ ռադիոժամը Ուրուգվայում այնպիսի դերակատարություն է ունեցել  հայապահապանության գործում, ինչպիսին ունեցել են հայ դպրոցն ու եկեղեցին:

 Նախարարը գերատեսչության և իր անունից շնորհավորեց հոբելյանի առթիվ և շնորհակալություն հայտնեց ռադիոժամի հիմնադիրներին՝ տնօրեն պարոն Կարո Հեքիմյանին, բոլոր տարիների աշխատակիցներին: Նա մասնավորապես նշեց. «Հայրենիքում բարձր է գնահատվել «Կոմիտաս» ռադիոժամի ազգանպաստ գործունեությունը: Ռադիոժամը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

 Այսօր էլ մենք այս սրահում մեծարում և մեր երախտագիտությունն ենք հայտնում «Կոմիտաս» ռադիոժամին՝ հայապահպանության, հայակերտման, հայ մշակույթի տարածման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած իր հսկայական ավանդի համար: Ու նաև ասում՝ սիրելիներս, այս դժվար ժամանակներում, երբ ամբողջ աշխարհում, և հատկապես Լատինական Ամերիկայում, ահագնանում է ուծացման վտանգը, է՛լ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում ձեր ուսերին: Անհրաժեշտություն է առաջանում փնտրել և գտնել հայապահպանության նոր ազդակներ և լծակներ՝ թե՛ Սփյուռքում, և թե՛ Հայրենիքում: Մենք առավելագույնս պիտի համատեղենք մեր ուժերը՝ միասնաբար ծառայելու հայապահպանության սուրբ գործին:

 Այսօր հոբելյանի և հայապահպանության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը պարգևատրվում է ՀՀ սփյուռքի նախարարության  «Կոմիտաս» մեդալով»:

 Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը նույնպես շնորհավորեց հոբելյարներին և մաղթեց երկար տարիների բեղուն, ազգանպաստ աշխատանք ու անխափան եթեր:

 Տեղի ունեցավ Հանրային ռադիոյի և «Կոմիտաս» ռադիոժամի քույրացման արարողություն, հավաստագրերի և հուշանվերների փոխանակում:

 Ելույթ ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանը:

 «Կոմիտաս» ռադիոժամի պատասխանատու Կարո Հեքիմյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և վստահեցրեց, որ հեռավոր Ուրուգվայում հայկական ռադիոժամը շարունակելու է իր հայապահպան գործունեությունը՝ ի նպաստ համայնքի համախմբման ու պահպանման:

Վերջում տեղի ունեցավ Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական համերգ, որին մասնակցեցին ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը(Մրո), Էմմա Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Թովմաս Պողոսյանը, Սահակ Սահակյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» համույթը  և ուրիշներ:

a1a2 a3a4 a5a6 a7a8 a9a10 a11մրոa12Է

Scroll Up