Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Մոնտեվիդեոյում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում մայիսի 30-ին Մոնտեվիդեոյի Պրադո պատկերասրահում «Հայոց ցեղասպանության հարյուր տարին. Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում» խորագրով լուսանկարչական ցուցադրություն կբացվի, գրում է Artsakhpress-ը:
lr21.com.uy կայքի փոխանցմամբ՝ցուցադրությունը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Ուրուգվայի Հայկական մշակույթի ասոցիացիայի ջանքերով:
Ցուցադրության միջոցով հնարավոր է «ճանապարհորդել» Ուրուգվայում հայերի ներկայության 100 տարով, ինչը հնարավոր է դառնում լուսանկարների և պատմական փաստաթղթերի լայնածավալ ընտրանու շնորհիվ, որը սերնդեսերունդ անցնելով՝ պահպանվել է հայտնի ընտանիքներում:
«Լուսանկարներն ու փաստաթղթերը, որ պահպանել են ուրուգվայաբնակ հայ ընտանիքները, ներառում են պատմության ամենատարբեր փուլերը` ցեղասպանության ժամանակ իրենց ծննդավայրերից մինչև ներկայիս բնակավայրը, ինչպես նաև՝ ճամփորդությունը դեպի Ամերիկա, որից հետո վերջնական կետը Ուրուգվայն է դարձել», – ասել է կազմակերպիչներից մեկը:
Լուսանկարչական սրահում բացված ցուցադրությունը տևելու է մինչև օգոստոսի 26-ը: