Վերջին 100 տարում ծնված հայ կոմպոզիտորների լավագույն գործերն ամփոփվել են ութ սկավառակում

ՀՀ մշակույթի նախարարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, իրականացրել է հայկական հարյուր մեղեդիներ ամփոփող ձայնասկավառակների հավաքածուի ստեղծման նախագիծ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին:

Մայիսի 21­-ին տեղի ունեցավ ութ ձայնասկավառակ ամփոփող «100 հայկական մեղեդի» հավաքածուի շնորհանդեսը: Հավաքածուում ի մի են բերված 1915-­ից հետո ծնունդ առած հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հավաքածուի շնորհանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում կարևորեց հայկական մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը: «Ութ սկավառակ է, յուրաքանչյուրի մեջ ներառված է երաժշտական որոշակի ուղղվածություն՝ հայկական ժողովրդական և գուսանական երգեր, հայ հոգևոր և խմբերգային, կամերային երաժշտություն և այլն: Այս ծրագիրն ունի նաև քաղաքական ուղղվածություն:

Ես նկատի ունեմ մշակութային քաղաքականությունը: Վերջին տարիներին լայն թափով թվայնացվում և պահպանվում են և՛ երաժշտարվեստի, և՛ կինոժառանգության, և՛ կերպարվեստի նմուշները՝ որքան որ հնարավոր է»,­ «Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը: Փոխնախարարի խոսքով՝ իհարկե, հնարավոր չէր ութ սկավառակի մեջ ամփոփել 100 տարվա մեր ամբողջ մշակութային ժառանգությունը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ողջունեց նախաձեռնությունը: «Կոմպոզիտորների միությունում կան արխիվներ, որոնք կարող էին նաև օգտագործվել:

Կգա ժամանակը, երբ դրանք էլ նոր կյանք կստանան: Ողջունում եմ այս նախաձեռնությունը և հուսով եմ, որ այս 8 ձայնասկավառակը կդառնա 18»,­ նշեց նա: Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար, այն հուշանվերային է:

Scroll Up