Սիրիահայ երգչուհի. «Հայկական երաժշտությունը իմ ամենամեծ գանձն է» (տեսանյութ)

Սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը, ով օրերս մենահամերգով հանդես եկավ Ստամբուլում, հայկական «Ակօս» շաբաթաթերթին հարցազրույց է տվել:

Արաբական երաժշտության ասպարեզում լավագույն կատարողներից մեկը հանդիսացող երգչուհին նշել է, որ հայկական երաժշտությունը իր ամենամեծ գանձն է:

«Աշխարհի բոլոր հայերը նույն վիճակում են: Բոլորս տիրապետում ենք այն երկրների լեզվին, որտեղ ապրում ենք: Եթե դա չլինի, մենք չենք կարողանա շփվել մեր շրջապատի հետ: Արաբերեն խոսելը և արաբերենով երգեր երգելն ինձ համար շատ կարևոր է: Սակայն հայկական երաժշտությունն էլ իմ ամենամեծ գանձն է: Եթե արաբերեն երգ չերգեմ, հայկական երաժշտությունը արաբների համար ոչ մի բան չի նշանակի: Սակայն, երբ ես հայկական երաժշտության ազդեցության տակ լինելով, արաբերեն երգ եմ երգում, մարդիկ իմանում են, թե ինչ է հայկական երաժշտությունը: Սիրիայում բոլորը գիտեն, որ հայերը չնայած նրան, որ հարմարվում են այդ երկրի հասարակությանը, այնուամենայնիվ, պահպանում են իրենց ինքնությունը: Մենք` հայերս, ինչքան էլ դժվարություն տեսնենք, կյանքը վերսկսելու ճանապարհները գտնում ենք: Մեր ինքնության այս յուրահատկությունը ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Լենա Շամամյանը:

Լենա Շամամյանը սիրիահայ երգչուհի է, ծնվել է Դամասկոսում: Սկսել է երգել հինգ տարեկանից: Եղել է տարբեր միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Նա երգում է օրիենտալ ջազ: Բացի արաբական երգերից Լենա Շամամյանը երգում է հայկական երգեր, որոնցից է «Սարերի հովին մեռնեմ» երգը։

Scroll Up