ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՄԸՄ 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Ինչպես գիտենք, ՀՄԸՄ-ն 4 տարին մեկ կազմակերպում է համահայկական մարզախաղեր, և հերթականը՝ 9-րդը, կիրականացվի Երևանում: 100-ամյա Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը աշխարհի խոշորագույն հայկական կրթական և մարմնամարզական կառույցներից մեկն է, որը այդ տարիների ընթացքում ազգանվեր, հայապահպան գործունեություն է իրականացնում Սփյուռքում»:

Միջոցառման կազմակերպչական հարցերը նիստի անդամներին ներկայացրեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստան կայցելեն 650 մարզիկ 18 երկրից, մարզախաղերին հետևելու համար Երևանը կհյուրընկալի ավելի քան 3500 այցելու: Մասնակիցները 12-24 տարեկան պատանիներ և երիտասարդներ են, ովքեր միմյանց հետ կմրցեն Ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, մեծ թենիսի, շախմատի, լողի, վոլեյբոլի և թեթև ատլետիկայի  մարզաձևերում:

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը նշեց. «Ամեն ինչ անելու ենք մեր մարզիկներին և հյուրերին պատշաճ ձևով ընդունելու և խաղերը հարմարավետ պայմաններում կազմակերպելու ուղղությամբ»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Ոստիկանության ու Առողջապահության նախարարության ներգրավումը ծրագրում՝ մասնակիցների անվտանգության և շտապ օգնության ապահովման համար: Նախարարն առաջարկեց նաև, որ մարզիկների օրակարգում ժամեր ավելացվեն Հայոց լեզվի արագացված դասընթացներ անցկացնելու համար:

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ համահայկական մարզախաղերի հանդիսավոր բացումը կկայանա հուլիսի 27-ին Ազատության հրապարակում և կշարունակվի մինչև օգոստոսի 3-ը:

Scroll Up