Ավստրիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ գրողների գերմաներեն անթոլոգիաների շնորհանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/0141.jpg)
Մայիսի 12-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ գրողների գերմաներեն անթոլոգիաների շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը:
Շնորհանդեսը բացվեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ողջույնի խոսքով, ով խոսեց Հայաստանում և Գերմանիայում տպագրված զույգ ժողովածուներից` կարևորելով դրանց արժեքն ու նշանակությունը:
Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գրքերի ստեղծման պատմությունը` հատուկ առանձնացնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի գրողների միության ներդրումը ժողովածուների պատրաստման և տպագրության իրականացման գործում:
Ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը ներկայացրեց իր նոր լույս ընծայած «Եվ Աստված խոսում է հայերեն» գերմանալեզու պատմվածքների և էսսեների ժողովածուն:
Շնորհանդեսին ներկայացվեց նաև 2015թ. տարեսկզբին Հայաստանում լույս ընծայված «Ավստրիական արձակ» անթոլոգիան, որը տպագրվել է «Անտարես» հրատարակչատան կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: