Հովիկ Աբրահամյանը խոսել է հալեպահայերի օրհասական վիճակի մասին

Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար:

Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է  օժանդակել նրանց, ովքեր պատերազմի հետևանքով  լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով` եկել են Հայաստան:

Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ ենք հնչեցրել երեխաներին ու դպրոցականներին պատերազմի գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների  համար»,- ասաց վարչապետը՝ ցանկություն հայտնելով, որ բոլորն այդ մասին տեղյակ լինեն: Կառավարության ղեկավարը նշեց, որ երբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերադառնա Հայաստան, կառավարության հաջորդ նիստին մանրամասն կներկայացնի, թե ինչ քայլեր է իրականացնում նախարարությունը, ինչ խնդիրներ ունի լուծելու և աջակցության ինչ խնդիր կա:

 

Scroll Up