Ֆրեզնոյում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթող

Ֆրեզնոյում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցել է ավելի քան 4000 մարդ՝ հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ կարմիր ժապավենը կտրել են Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, Ֆրեզնոյի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը: «Ցեղասպանությունը որոշիչ է եղել այստեղ հավաքված և ամբողջ աշխարհում սփռված հայերի ճակատագրում: Եվ մենք գիտենք, որ այստեղ կանգնած հուշարձանը ոգեշնչող է. մենք երբեք չենք մոռանա», – իր խոսքում նշել է Կալիֆորնիայի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն:

«Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանք է ոչ միայն հայերի, այլև պատմության նկատմամբ: Այն անարգանք է նաև ճշմարտության, արդարադատության ու մարդկության նկատմամբ», – իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը:

Նույն օրը Ֆրեզնոյի փողոցներին մեկի՝ Սանտա Կլարայի մի հատվածն անվանակոչվել է «Armenia»: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան նշել է, որ անվանակոչությունը Ֆրեզնոյի քաղաքային իշխանության համար հնարավորություն է՝ քաղաքի սերն ու գնահատանքն արտահայտել հայ համայնքի նկատմամբ, որը մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում: «Մենք այսօր ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը: Սակայն նաև մատնանշում ենք հայ ժողովրդի վերածնունդը: Մի ժողովուրդ, որը դիմակայեց դժվարություններին, հաստատվեց տարբեր վայրերում, նաև՝ Ֆրեզնոյում, և կառուցեց նոր տուն», – իր ելույթում նշել էթ տիկին Սորիան:

 

Scroll Up