Քեն Խաչիկյանը կոչ է արել ՀՀ­-ԱՄՆ առևտրի համաձայնագիրն ստորագրել Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ առևտրային հարցերով ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ստորագրել Հայաստան­ԱՄՆ առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը (TIFA):

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյային ուղղված նամակում Խաչիկյանը նշել է, որ համաձայնագիրն անցել է երկար նախապատրաստական և հաջող բանակցային փուլ, սակայն դեռևս պաշտոնապես չի վավերացվել Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից: Հայաստանի հետ նման համաձայնագրի կնքումը նշանակալի ազդեցություն կունենա ներկայիս տնտեսական երկխոսության վրա:

«Համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լայն և մնայուն պլատֆորմ ապահովել ԱՄՆ կառավարության համար՝ պարբերաբար հանդիպելու և խորհրդակցելու Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ՝ տնտեսական համագործակցությունը և առևտրային ու ներդրումային հնարավորություններն ընդլայնելու համար»,­ ասվում է նամակում: Համաձայնագիրն ԱՄՆ­ի կողմից նաև այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ է, որով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ­ամերիկյան խորհուրդ: Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում:

Scroll Up