Պատարագ և ցերեկույթ Հերհուխովարդ քաղաքում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հերթական անգամ Նիդերլանդների Հերհուխովարդ քաղաքում՝ կաթոլիկ եկեղեցու կամարների տակ, մատուցվեց սուրբ Պատարագ, որին հաջորդեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթը:
Ցերեկույթը բացեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանը: Նա խոսեց Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդի կորուստների կողքին ունեցած ձեռքբերումների, հաղթանակների և դրանցում հայ եկեղեցու դերի մասին: Այս մասին «Հայերն Այսօրին» տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը:
Այնուհետև ելույթ ունեցավ Վիգեն Սարգսյանը, որն իր խոսքում համառոտ ներկայացրեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության համառոտ պատմությունն ու նրա ճանաչման գործընթացում քաղաքական վերջին զարգացումները: Իսկ Նաիրի Հակոբյանը խոսեց Ցեղասպանության հարցում թուրք ժողովրդի պատասխանատվության մասին:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի «Հով արեք»-ն ու «Կռունկը»`Լիլիթ Առաքելյանի և Մարգարիտ Մանուկյանի կատարմամբ:
Ներկաներն ունկնդրեցին նաև ասմունք` Անուշավան Կիրակոսյանի,Վիգեն Սարգսյանի ու Սուսաննա Հարությունյանի ընթերցմամբ: Նրանք կարդացին Գևորգ Էմինի, Վիլյամ Սարոյանի, Սիամանթոյի և Սոնա Արշունեցու ստեղծագործություններից:
Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև համայնքի մանուկները: Հնչեց ջութակ՝ Վալենտինա Բեգլարյանի կատարմամբ:
Առանձնապես հուզիչ ու ազդեցիկ էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ, Հոգեշնորհ Սերովբե Վարդապետ Իսախանյանի խոսքը:
Նա ասաց.  «Հայոց պատմությունը չավարտվեց 1915 թվականին. այն շարունակվում է, քանի որ այսօր էլ մենք հավատարիմ ենք մեր եկեղեցուն, և մեր մանուկների շուրթերը բարբառում են հայերեն: Մեզ չեն կարող սպանել, քանի որ մեր ազգը մեռնելու մտադրությամբ չի ապրում, գալ տարի հանդիպենք Վանում ու Սասունում,պետք է հավատալ ու մեր հոգում վառ պահել այս գաղափարը՝ կենդանացնելով, ապրեցնելով ու հնչեցնելով մեր լեզուն, հավատարիմ մնալ մեր հավատքին, քանի որ օտարության մեջ հայապահպանության փոխարեն հայակերտում է պետք մեզ»,-պատգամեց Հայր Սուրբը:
Միջոցառմանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը: Նա իր ելույթում նշեց պատմական հիշողության կարևորությունը ազգի գոյատևման համար:
Առ աստված ուղղված միասնական աղոթքից հետո ներկաները մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակի հոգեճաշին:
Scroll Up