Համերգ Մոսկվայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 23-ին Երևանի ժամանակով 19։15 աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերի հետ մեկտեղ 100 անգամ հնչեցվեցին նաև Մոսկվայի Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու զանգերը՝ ի հիշատակ 100 տարի առաջ կատարված ոճրագործության։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զոհերի սրբադասման կարգին Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու բակում ուղիղ հեռարձակմամբ հետևելուց հետո հայ հավատացյալները եկեղեցական համալիրի դահլիճում ներկա եղան Մոսկվայի «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանի կազմակերպած համերգին, որը նվիրված էր արդեն իսկ սրբադասված նահատակների հիշատակին։Համերգի պատասխանատուն էր «Գավիթ» թատրոնի ռեժիսոր Համլետ Ղալեչյանը։

Միջոցառման մեկնարկին Տեր Կիրակոս աբեղա Դավթյանը՝ դիմելով ներկաներին, ասաց․ «Քիչ առաջ մենք ականատես եղանք 1,5 մլն անմեղ նահատակների սրբադասման կարգին, ովքեր նահատակվեցին հանուն իրենց հավատքի և հանուն հայրենյաց։ Այսօրվա արարողությունը հաղթանակ էր խորհրդանշում, քանզի 1915թ․-ին ոչ մեկ չէր հավատա, որ հարյուր տարի հետ այդ նույն խեղճ ժողովուրդը հետ կբերի իր հայրենիքը, կունեն հզոր բանակև իրեն հարգել կտա ամբողջ աշխարհին։ Այսօր ականատես ենք լինում, որ այն պետությունները, որոնք 100 տարի առաջ լսումէին, սակայն խուլ էին ձևանում՝լսում են,տեսնում էին, սակայն կույր էին ձևանում՝ տեսնում են։ Մաղթանքս է և աղթոքս է, որ մեր նոր սրբերի բարեխոսությունը մշտապես անպակաս լինի մեզանից և ուղեկցի մեր ազգին բոլոր քայլերում»։

Շուրջ երկու ժամ տևած համերգում դերասան-հանդիսավար Հմայակ Հակոբյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց հատվածներ Հ․ Շիրազի «Հայոց դանթեականից», հայ դասականների ստեղծագործություններից, «Հայորդյաց տան» «Ովսաննա» երգչախումբը/գեղ․ ղեկավար՝ Լենա Բեգլարյան/ կատարեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգեր, իսկ «Հայասա» պարային համույթը/գեղ․ ղեկավար՝ Արփինե Ամիրյան/ ներկայացավ ողբերգությունը նկարագրող նոր և անկրկնելի պարով։

Միջոցառման ավարտին Տեր Կիրակոս աբեղա Դավթյանը շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին, մասնավորապես, «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահան Ամիրյանին և համերգի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ համերգ-երեկոն հայ ազգի վերածնման վառ ապացույցն էր , իսկ համերգում ներգրավված հայորդիները հզոր հայրենիք ունենալու գրավականն են։

Միջոցառումն ավարտվեց Հ․ Թումանյանի «Հայրենիքս հետ» բանաստեղծության ընթերցմամբ, որով հերթական անգամ փաստվեց․

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած․․․
Իմ նո՜ր հայրենիք, հզո՜ր հայրենիք․․․

01 02 03

Scroll Up