Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվում են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/0036.jpg)
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղի ունեցած բողոքի հանրահավաքների, քայլերթերի, երկրի խորհրդարանին և մի շարք դեսպանատներին հանրագրերի փոխանցման, այս թեմայով նոր գրքերի լույս ընծայման ու հանրությանը ներկայացված ցուցադրությունների, նաև տարբեր քաղաքների Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներին այցելության, ծաղկեպսակների տեղադրման արարողությունների կողքին հաճախակի էր անմեղ զոհերի ոգեկոչմանն ուղղված հուշ երեկոների, համերգների կազմակերպումը, որից մի քանիսին մասնակից եղավ Նիդերլանդական Օրագիրը:
Այս մասին խոսելուց առաջ անշուշտ պետք է առանձնացնել Հաագայում ապրիլի 18-ին տեղի ունեցած բողոքի հուժկու հանրահավաքը և բողոքի երթը: Բազմահազարանոց քայլերթը’ Թուրքիայի դեսպանատուն, հիշեցում էր վշտի, ցասումի ու պահանջատիրության’ պատմության անիվը ստիպելու ետ շրջել ճշմարտության ուղին: Միայն ֆեյսբուքի մեր օրագրի ներկայացրած այս տեսաերիզը մի քանի օրում դիտել է 150 հազարից ավելի օգտատեր: Մյուսը’ ապրիլի 24-ի Ասենի և Ալմելոյի հուշարձանների այցելութջուններն են, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոտ 5000 հայորդիներ ու մեզ բարեկամ ազգությունների ներկայացուցիչներ: Սա, ինչ խոսք, հայ կառույցների Նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է: Համախմբված աշխատեցին հոգևոր կառույցներն ու ավանդական կուսակցությունները, նիդերլանդահայ կազմակերպությունները, որոնց ջանքերի միավորումը օրինակելի և ողջունելի քայլ է: Հայ Դատի հարցը յուրաքանչյուր հայի նվիրական երազանքը պետք է լինի այսուհետ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվում են…
«Նիդերլանդական օրագիր»