Արսեն Ջուլֆալակյան.«Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին»
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է News.am կայքը:
Աշխարհի 2014թ. չեմպիոն Ջուլֆալակյանը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է բուլղարացի Իվան Գեորգիևին: Նույն քաշային կարգի քառորդ եզրափակիչում հանդիպել են նաև Կարապետ Չալյանը և Վարշամ Բորանյանը: Չալյանը հաղթել է իր թիմակցին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է հենց Իլիան Գեորգիեւին: Կարապետը հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտերի եւ նվաճել է բրոնզե մեդալ:
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Ընդ որում՝ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին պարգևատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
Ապրիլի 24-ին պայքարի մեջ է մտել նաև 59 քաշային Նարեկ Խաչատրյանը, ով պարտվել է մեկնարկային գոտեմարտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Բուլղարիայի մայրաքաղաք են մեկնել նաև՝ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (երկուսն էլ՝ 85 կգ) և աշխարհի 2014թ. չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):