Ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմում մատուցված պատարագի մասին ֆիլմ է նկարահանվել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամենանշանակալի իրադարձություններից մեկը ապրիլի 12-ին Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ տեղի ունեցած պատարագն էր՝ մատուցված ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Այս իրադարձության մասին վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որը շուտով կցուցադրվի հայաստանյան հեռուսատաեթերում:

Ֆիլմի հեղինակը ծնունդով լիբանանցի, վերջին տարիներին հայրենիք բնակության տեղափոխված բանաստեղծ, հրապարակագիր, սցենարիստ Սաքո Արեյանն է:

«Ազատության» հետ զրույցում Արեյանն ասել է, որ առաջարկ ստացել էր Հայ կաթողիկե պատրիարքության տեղեկատվական կենտրոնից, որը Նարեկացու անունն է կրում․ – «Մեկնեցինք Վատիկան, ներկա եղանք այդ արարողությանը, ու վավերագրագեղարվեստական մի փոքր՝ 35 րոպեանոց ֆիլմ ստեղծեցինք, որ ես հարմար նկատեցի վերաանվանել «Հայոց ուխտի նոր ժամանակը»: Սա պետք է նշեմ, որ առաջին համագործակցությունն էր «Շողակաթ» հեռուստաընկերության և կաթողիկե համայնքի միջև»:

Սաքո Արեյանն ասել է, որ այժմ ֆիլմը արդեն թարգմանվել է արևմտահայերենից արևելահայերեն և շուտով կցուցադրվի «Շողակաթ» հեռուստաընկերությամբ:

Նա շեշտել է, որ հատկապես այս տարի շատ կարևոր է Վատիկանի այս քայլի մասին խոսելը, որովհետև Հայաստանում տարբեր պատճառներով միշտ չէ, որ ճիշտ է գնահատվում Վատիկանի դերը:

«Վատիկանը այսօր քրիստոնյա աշխարհի ամենաուժեղ, ամենախարսխված, ամենակենտրոնացված ուժերից մեկն է և իր խոսքը ունի նաև քաղաքական օրակարգերում: Հռոմի պապի հայտարարությունից հետո, նախքան ապրիլի 24-ի օրը և նախաձեռնությունները Երևանում, Ծիծեռնակաբերդում և Սբ Էջմիածնում, հայկական «ցունամին» ծայր առավ Եվրոպայի քաղաքակրթության սրտում»,- ասել է Սաքո Արեյանը :

Scroll Up