Վիրահայոց թեմի եկեղեցիները միացան սրբադասման արարողությանը

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման դիտումը:

 Վաղ առավոտից Թբիլիսիում չէր դադարում hորդառատ անձրևը: Սակայն դա չխանգարեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի և մյուս աշխատակիցների, թբիլիսահայ հավատացյալների  ջանքերով կազմակերպել Մայր Աթոռի   Սուրբ Տրդատի բաց խորանից  Հայոց  ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման  դիտումը:

 Բակում տեղադրված  էկրաններով նվիրական արարողակարգը ազգովի բացօթյա դիտելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թբիլիսահայ համայնքի պատվավոր այրերը, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և բազում հավատացյալներ: Իրենց ներկայությունն էին բերել նաև տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների վրացի ղեկավարներ և այլազգի ներկայացուցիչներ:

Միասին Տերունական աղոթքն ասելուց հետո, ներկաներին դիմեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Հոգևոր հայրը խոսեց օրվա խորհրդի մասին և նահատակների սրբացման համար աղոթելու կոչ արեց:

 Արարողության ավարտին` ժամը 19:15-ին, ազդարարվեց լռության րոպե, որին հաջորդեցին Մայր Տաճարի 100 գուժկան զանգերը: Զանգեր հնչեցին նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում և հայոց վիշտը կիսող Վրաստանի հռոմեական-կաթոլիկ, ավետարանական-լյութերանական և Ավետարանական-Մկրտական քույր-եկեղեցիներում: Վերջում հավաքված հանրությունը Տերունական աղոթքով ավարտեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Տեր Նարեկ Քահանա Ղուշչյանը երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր ներկա գտնվողներին, քանզի, չնայած տարբեր լրատվամիջոցներով և տարբեր քաղաքական գործիչների կողմից տարածված ահազանգերին սպասվող բախումների մասին, թբիլիսահայ համայնքը առանց վարանելու եկավ և մինչև վերջին րոպեն արհամարհելով ցուրտն ու անձրևը՝ մասնակիցը դարձավ նահատակների սրբացման այս պատմական արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հեռարձակվող նահատակների սրբադասման արարողությունը ուղիղ եթերում դիտեցին և գուժկան զանգեր հնչեցին Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Բաթումի հայոց եկեղեցիներում:

Այնուհետև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ժողովրդի թափորը ավտոբուսներով և  մեքենաներով ուղևորվեց դեպի Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգի, որտեղից ջահերով, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական դրոշներով և հայրենասիրական երգերով մարդկանց շարասյունը շարժվեց դեպի Թուրքիայի Հանրապետության դեսպանություն:

Այստեղ կայացավ բազմամարդ հանրահավաք: Բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքն ավարտում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», « Օսմանյան Թուրքիա-հանցագործ» կարգախոսներով, որին անմիջականորեն արձագանքում էր հավաքված բազմությունը:

Հանրահավաքը դարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական միջոցառումը, որը մասնակիցների բողոքի արտահայտությունն էր 1915-1923թթ. հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ ՝ ճանաչման և դատապարտման պահանջով:

«Հայարտուն» կենտրոնի, Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ ջահերով երթին միացան նաև Թբիլիսիում գործող մյուս հասարակական կազմակերպությունները և տարբեր տարիքի թբիլիսաբնակ քաղաքացիներ:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

v5v4v3v2

Scroll Up