Մարիան Մեսրոպյան ՄաքՔարդի. Սրբազան արդարադատություն
2015թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս ոճրագործության ընթացքում Օսմանյան թուրքերը ոչնչացրին ավելի քան 1.5 մլն հայի: Արդեն սկսում են երևալ Ցեղասպանությունը հիշատակող հոդվածները, սակայն հայերին հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ մեկ պատմություն. «Նեմեսիս» գործողությունը գաղտնի նախաձեռնություն էր, որի նպատակն էր կնքել Հայոց ցեղասպանության մեղավորների մահապատիժը:
Ես մեծացել եմ Նյու Յորք նահանգի Սիրակուզի քաղաքում՝ մայրական տատիկիս և պապիկիս երկհարկանի տանը: Այստեղ հաճախ թեժ քննարկումներ էին ծավալվում հայոց պատմության և մշակույթի շուրջ, բայց ես ոչինչ չէի լսել «Նեմեսիս» գործողության մասին: Ինձ պատմել են՝ ինչպես էր տատիկս՝ Էլիզան, հրացանով զինված պաշտպանում պաշարված քաղաքը 1909 թվականի Ադանայի կոտորածների ժամանակ, երբ սպանեցին 30.000 հայի: Պատմել են՝ ինչպես էր տատիկիս եղբայր Միհրանը թուրքերից գողացել հրացանները, որպեսզի ոչնչացնեն ջրի մատակարարումը կանգնեցնող թուրքերի կառուցած պատնեշը: Այնուհետև Միհրանին ձերբակալեցին և խոշտանգումների ենթարկեցին իր ժողովրդին փրկելու ջանքերի համար: Նրա թուրք բանտապահները բերում էին արյունլվա հագուստը, որպեսզի մայրը լվանար: Տատիկս ասում է, որ մայրը որդու հագուստն արցունքով էր լվացել: Երբ Էլիզան հորդորում էր ինձ ուտել ափսեիս վերջին մնացորդները, ասում էր. «Հիշիր այն սովամահ եղած հայերին»: Այդ հռետորական ուժը մեծ ազդեցություն ուներ: Ես մեծացել եմ ապսամբությունների մասին տատիկիս պատմությունները լսելով, իսկ պապիկս երբեք չէր խոսում այդ օրերից, և ես, անգիտակցաբար հարգելով նրա լռությունը, երբեք չեմ խնդրել պատմել:
Պապիկս՝ Ահարոնը, կյանքի մեծ մասն անց է կացրել իր կարմիր կաշվե բազկաթոռում՝ ամեն օր լսելով փայտե ռադիոն, լուռ ծխելով իր Camel ծխախոտն ու նյարդային շարժումներով թափահարելով մատները, հավանաբար դրա պատճառը Պարկինսոնի հիվանդությունն էր, որը տարիներ անց մայրիկիս ժպիտի անհետացման պատճառ դարձավ: Բայց երբ ես երեք, չորս, հինգ տարեկան էի, մեծ հայրիկս՝ այն հանգիստ մարդը, որը եռյակ կոստյում էր կրում իր գրեթե ողջ կյաքնի ընթացքում, որն անձամբ ծանոթ է եղել այնպիսի հեղինակությունների հետ, ինչպիսինն էր Դրոն (Դրաստամատ Կանայան), նստեցնում էր ինձ իր ուսերին և թագուհու պես ման տալիս տան մեջ, ապա դուրս գալիս էինք գալիս և դեղձ, տանձ, խնձոր և խաղող հավաքում մեր այգում:
Երբ շաբաթը մեկ տատիկիս հետ ուղևորվում էին Աբաջյան լվացքատուն, ես կրում էի պապիկիս վերարկուն, գրկախառնվելով նրա մեջ, ասում էի, որ շատ եմ սիրում պապիկիս և ուզում եմ, որ նա անմահ լինի: Պապիկս մահացավ 84 տարեկան հասակում, վերջին տարիներն անց կացրեց մտավոր և տեսողական խավարում, նրա կորցրեց տեսողությունն, իսկ գլխուղեղի նյարդային բջիջները տեղի էին տալիս իրար հաջորդող կաթվածներից:
Նրա մահվանից 25 տարի հետո միայն մենք իմացանք, որ պապիկս Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացնելու համար ստեղծված գաղնի նախաձեռնության առաջնորդներից էր: 1990 թ.-ին պապիկիս իրերը կարգի բերելիս գտանք նրա և «Նեմեսիսի» նրա գործընկերների մասամբ կոդավորված նամակագրությունը, որի մեջ կար նաև Սողոմոն Թեհլերյանը: Վերջինս գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ Փաշային: 1920-1922թթ. ցեղասպանության համար պատասխանատու կազմակերպիչներից 8-ին գնդակահարել են: Նեմեսիս գործողության անդամները դա համարում էին «սուրբ արդարադատության նվիրում». այսպես է նկարագրում դա Շահան Նաթալին՝ երեք առաջնորդներից մեկը:
Երբ ես երեխա էի, մեր հասարակական կյանքը կառուցվում էր հայկական միջոցառումների շուրջ: «Վախ, վախ» կանայք, այսպես էինք երեխաներս անվանում սև հագած տարեց կանանց, որոնք ոչ պարում, ոչ ծիծաղում էին, նրանց տարբերակիչ գործողությունն էր «վախ, վախ» արտաբերելիս ձեռքերի սեղմումը: Երեխա ժամանակ խուսափում էի այս կանանցից: Գիտեմ՝ նրանք ապրում էին ներսում պարփակված կյանքով, որը ես չէի ուզում իմանալ: Մեզ երբեք չեն բացատրել «վախ, վախ»-ի նշանակությունը, բայց երեխա լինելով՝ մենք հասկանում էինք դրանց իմաստը. «ինչպիսի ցավ, ինչպիսի ափսոսանք»: Բայց այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ այդ «վախը» հայերեն «վախենալ» բառից է: Մենք վախենում էինք այդ կանանցից, որովհետև ենթագիտակցաբար գիտեինք, որ կարող ենք նրանց նմանվել:
Կամքի ուժը չի անհետացնի ցեղասպանության ազդեցությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հայ փրկվածների 3/4-ը չէր խոսում ցեղասպանության իր փորձի մասին որևէ մեկի, հետապնդումների վախի պատճառով և երեխաներին պաշտպանելու համար:
Բայց լռությունը կարող է սրել վնասվածքների հետևանքները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում երեխաների վրա: Փորձերն ու էպիգենետիկան (կյանքի ընթացքում ստացած վնասվածքներից ի հայտ եկած գենետիկ փոփոխությունները) կարող են ազդել մեր վարքի և նույնիսկ երեխաների վրա: Ինչպես հանցագործները, այնպես էլ զոհերը կարող են ազդվել այդ խնդրահարույց էպիգենետիկ փոփոխություններից:
Այժմ մենք գիտենք՝ ոչ միայն ծնողների մեղքերն են ազդում երեխաների վրա, այլև այն հետևանքները, որոնք ի հայտ են եղել ծնողների հանդեպ իրականացրած մեղքերից:
Հունվարի 13-ին Քեմբրիջում դասախոսության ժամանակ թուրք գիտնական Թաներ Աքչամին հարցրին՝ ինչու է նա հանձն առել Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքներն ուսումնասիրող ծանր աշխատանքը: Նա պատմեց Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ջատագով իր ընտանիքի և ազատազրկման պայմանների մասին: Պատմեց՝ ինչպես են իր եղբոր բանտապահները տուն ուղարկում երիտասարդի արյունլվա հագուստը: Թուրք թե հայ՝ արյունլվա հագուստը չի տարբերվում:
Նրա բառերն ինձ հիշեցրին առաջնորդ Սիեթլին, երբ ԱՄՆ կառավարությունը խլեց իր ժողովրդի հողը՝ վտարելով իրենց: Շրջապատված սպիտակամորթ զավթիչներով և ձեռքը մարզպետի գլխին ՝ նա դիմեց իր ժողովրդին. «Ցեղը հետևում է ցեղին, ազգը գնում է ազգի հետևից… Մենք կարող ենք եղբայրներ լինել այս ամենից հետո: Դեռ կտեսնենք»:
Հուսանք՝ ցեղասպանության հարյուրամյակը առիթ կհանդիսանա, որպեսզի ճշմարտության և ազատության դուռը բացվի թե՛ հայերի, թե՛ թուրքերի առջև:
Մարիան Մեսրոպյան ՄաքՔարդի,