Դատապարտում ենք Գերմանիայի 100-ամյա լռությունը և Թուրքիայի 100-ամյա ժխտողականությունը. բողոքի ակցիա Բեռլինում (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 18-ին Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվել է բողոքի ակցիա: Ցուցարարները դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ արել Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբ» կազմակերպության կողմից, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք ամեն տարի այս օրերին հավաքվում ենք այստեղ՝ դատապարտելու ու հիշատակելու Հայոց ցեղասպանությունը: Այս տարի մենք դատարտում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայի 100-ամյա լռությունը և  Թուրքիայի 100-ամյա ժխտողականությունը», -ասել է կազմակերպության նախագահ Թեսսա Հոֆմանը:

Բողոքի ակցիային մասնակցում էին ոչ միայն Գերմանիայում բնակվող հայեր, այլ նաև գերմանացիներ, քրդեր, իտալացիներ, թուրքեր: Ցուցարարներից մեկը` ազգությամբ թուրք Էրքին Աբլան, նշել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ, ճանաչի ցեղասպանությունը և այդպիսով նպաստի իր ժողովրդավարացմանը:

«Որոշ ազգայնամոլ ընկերներս բացասական են արձագանքում նմանատիպ միջոցառումներին իմ մասնակցությանը: Երբեմն նույնիսկ ազգի դավաճան են ինձ ասում: Բայց քանի որ ինքս ինձ ազգի դավաճան չեմ համարում, նրանց ասածներից չեմ վրդովվում»,-ասել է Էքին Աբլան:

Դեսպանատան մոտից ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Անգելա Մերկելի նստավայր, որտեղ Գերմանիայի կանցլերի ներկայացուցչին հանձնեցին նամակ` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բեռլին Բեռլին1Բեռլին2 Բեռլին3 Բեռլին4 բեռլին5

Scroll Up