Դանիել Դեքերը ժամանել է Հայաստան` ՀՀ քաղաքացիություն ստանալու

Օրեր առաջ Արցախպրեսը տեղեկացրել էր, որ Արա Գևորգյանի «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքացի: Դեքերը ժամանել է Հայաստան` քաղաքացիություն ստանալու, նաև Արա Գևորգյանի հետ նոր` «Սև ապրիլ» նախագծի աշխատանքներն ավարտելու և Ցեղասպանության օրը Հայաստանում լինելու համար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` Դեքերի անձնագիրը ստանալու համար: «Հույս ունեմ, որ մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինի այն, և հենց այդ օրն էլ Դեքերը կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ասաց նա:
Դեքերն էլ, իր հերթին, նշեց, որ, ճիշտ է, ծնունդով ինքը հայ չէ, բայց բոլորին ասում է, որ հայ է ընտրությամբ: «Ես հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացու անձնագիր եմ ստանալու: Տեսեք, քանի որ հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել նրանց` քրիստոնյա լինելու պատճառով, ուստի` ցեղասպանության ենթարկվածներին ես իմ քույրերն ու եղբայրներն եմ համարում: Ես, առհասարակ, ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ»,- ասաց Դեքերը: