«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը՝ Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան՝ նվիրված «Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցին»:Այս մասին տեղեկանում ենք armradio.am-ից: Ֆիլմի պրեմիերային մասնակցել են ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նախագծի յուրահատկությունն այն է, որ երգի լեզվով համաշխարհային մշակույթի աստղերը հանրությանը փոխանցում են ցեղասպանության վերաբերյալ իրենց զգացումներն ու հույզերը։
«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը յուրօրինակ մի զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, որի ժամանակ ՄԵծ հայրիկը վերհիշում է իրենց գերդաստանի տառապանքների պատմությունը: Եվ պատահական չէ, որ այս կերպարը մարմնավորել է մեծ բարերար, հայազգի նվիրյալ Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքների ողբերգական ճակատագիրը: Եվ աչքերը, որոնք պարբերաբար ուղեկցում են տեսահոլովակի հերոսներին, իրականում Հրայր Հովնանյանի լուսահոգի մայրիկի աչքերն են՝ ներկայացնելով տեսահոլովակի սցենարը,- նշեց ծրագրի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:
Հատկանշական է, որ հերոսների ընտրությունն էլ պատահական չէ: Ընդգրկված են տարբեր տարիքային, մասնագիտական, ազգային պատկանելիության, հանրահայտ և ոչ այնքան հայտնի մարդիկ: Բոլոր հերոսները, ի դեպ, նախագծին մասնակցել են սեփական նախաձեռնությամբ և բացառապես անվճար: Նախագծին մասնակցելու իրենց ցանկությունն են հայտնել նաև համաշխարհային կինոաստղեր Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն: Նրանց ցանկությամբ տեսահոլովակում ցուցադրվում են հատվածներ «Մայրիկ» ֆիլմից:
Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակում մասնակցում են նաև Շառլ Ազնավուրը, Մոնսերրատ Կաբալյեն, Պատրիկ Ֆիորին, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Սպիվակովը, Դմիտրի Խառատյանը և ուրիշ համաշխարհային աստղեր: Տեսահոլովակում հնչող երգի խոսքերի հեղինակն է ամերիկացի բանաստեղծուհի Ֆրիդա Մեյը, երաժշտության հեղինակն է Կարեն Մարգարյանը: