Ստամբուլում կկազմակերպվի համերգ` ի հիշատակ Եղեռնի ենթարկված հայ մտավորականների

Ապրիլի 22-ին Ստամբուլում «In Memoriam 24 Nisan» խորագրով համերգ կկազմակերպվի նվիրված 1915-ին երիտթուրքերի հրահանգով ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Համերգի ընթացքում ելույթ կունենան «Քարդեշ թուրքեր» խումբը, Արա Դինքջյանը, Օնիկ Դինքջյանը, Էրքան Օզուրը, Էրթան Թեքիրը, Հասմիկ Հարությունյանը, Կարինե Հովհաննիսյանը, Հայկ Յազդջիյանը, Շահան Արծրունին, Էրման Իմահյանը, Էլեն Խաչատուրյանը և այլոք:

Ինչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը, համերգային երեկոյի ընթացքում առաջին անգամ կհնչի Զուլֆու Լիվանելիի հեղինակած «Homage to Gomidas» ստեղծագործությունը:

Համերգի ժամանակ երաժշտական կատարումներից բացի հայերեն լեզվով կընթերցվեն հատվածներ 1915-ին ձերբակալված ու աքսորի ճանապարհին սպանված արևմտահայ գրողների արձակ ու չափածո ստեղծագործություններից: Աղբյուրի համաձայն` միջոցառումը կազմակերպվելու է «Anadolu Kültür» կենտրոնի և «Kalan Müzik» կազմակերպության կողմից:

Scroll Up