Երևանում և Էջմիածնում ապրիլի 22-24-ը երթևեկությունը սահմանափակ կլինի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված միջոցառումների օրերին՝ ապրիլի 22-24-ին, Երևանում և Էջմիածնում ճանապարհային երթեւեկությունը սահմանափակ կլինի։

Ինչպես ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, հիմնական միջոցառումներից մեկը՝ ֆորումը, կսկսվի ապրիլի 22-ին Մարզահամերգային համալիրում։ Նույն օրը երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կսկսվի 1.5 մլն զոհերի սրբադասման արարողության նախապատրաստումը։ Սրբադասման արարողությունը լինելու է ապրիլի 23-ին, ժամը 17։00-ին Մայր Աթոռում:

Ցանկացողները կարող են ժամը 14։00-ին Բրազիլիայի հրապարակից տանող ավտոբուսներով մասնակցել արարողությանը։ Էջմիածնում մինչեւ ժամը 14։00-ը փակ է լինելու  միայն Արարատյան փողոցը, ժամը 14-ից փակ կլինի  նաև Մաշտոցի փողոցը։

Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա System of a Down-ի համերգը։ Մուտքը հրապարակ սահմանափակ է։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները փակ կլինեն ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին։ Քաղաքացիների համար ապրիլի 24-ի առավոտից մինչև ժամը 13։00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ է լինելու։ Այդ ժամանակահատվածում այնտեղ են լինելու պատվիրակությունները։ Ապրիլի 24-ին փակ կլինի նաև Կիևյանից Բաղրամյան տանող անցուղին։

Ապրիլի 24-ին ՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում կկայանա «Վերածնունդ» համերգ ակցիան, որից հետո ժամը 22։00-ին կմեկնարկի ջահերով երթը Ծիծեռնակաբերդ։ Համերգից հետո փողոցները բաց կլինեն։

Այս մասին հաղորդում է News.am կայքը:

Scroll Up