Հայկական խաչքարի հիմնարկեք Ղազախստանում (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/khachkar.jpg)
Ապրիլի 11-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքի հայկական համայնքը հավաքվել էր ռուսական ուղղափառ եկեղեցու բակում։ Առիթը հայկական խաչքարի հիմնարկեքի արարողությունն էր, որի նախաձեռնողը «ՈՒրարտու» հայկական մշակութային կենտրոնն է՝ ի դեմս կառույցի ղեկավար Հայկ Տերտերյանի։
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի հանձնարարությամբ Ակտոբե էր ժամանել Աստրախանի Սբ. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մարկոս քահանա Սարգսյանը։ Հենց նա էլ կատարեց հայկական խաչքարի հիմնարկեքի ծեսը և արդեն օրհնված խնկաբույր վայրում իրականացրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգը։
Հանդիսությանը մասնակցում էին Սուրբ Նիկոլսկու մայր տաճարի սպասավոր Նեկտարիյ աբեղան, Ակտոբեի հայկական համայնքի ակտիվ գործիչներ Արմեն Գալստյանը, Հարություն Միքայելյանը, Մուշեղ Աբրահամյանը, Մհեր Տերտերյանը և ուրիշներ։
Համայնքը երկար էր սպասել այս օրվան։
Դեռևս երկու տարի առաջ՝ Ղազախստանի հայկական համայնքների հերթական համագումարի օրերին, որն, ի դեպ, անցկացվում էր Ակտոբեում, մարզպետ (ակիմ) Արքիմեդ Մուհամբետովի հետ հանդիպման ընթացքում «Ուրարտու»-ի ներկայացուցիչները խնդրեցին աջակցել հայկական եկեղեցի կառուցելու համար հողատարածք հատկացնելու գործում:
Կառույցի ղեկավար Հայկ Տերտերյանի հավաստիացմամբ հայկական եկեղեցի կամ աղոթարան չունենալը լուրջ բաց է սփյուռքում հավատը, ազգային ինքնությունն ու ավանդույթները պահպանելու և զարգացնելու ճանապարհին, որը իրենց քաղաքի հայերը փորձում են լրացնել՝ հաճախելով իրենց քրիստոնյա եղբայրների սրբավայր հանդիսացող ռուսական եկեղեցի։ Նա Ակտոբեի հարյուրավոր հայերի անունից իր խորին երախտագիտությունը հայտնեց ՈՒղղափառ եկեղեցու առաջնորդին՝ հայկական խաչքարի տեղադրման նպատակով տարածք հատկացնելու աստվածահաճ որոշման համար։ «ժողովուրդը կարիք ունի իր սրտաբուխ աղոթքներն ուղղելու առ Աստված, հավատի կերոն վառելու կամ հիշատակի և եկեղեցական տոների ժամանակ պարզապես մեկտեղվելու, և մենք այսուհետ այստեղ ենք հավաքվելու՝ հայոց նվիրական խաչքարի շուրջ։ Ես վստահ եմ, որ այս վայրը ամենքիս համար կդառնա սրբավայր և ուխտատեղի»,-ասաց նա։
Ներկաներն առաջին անգամ Տերունական աղոթքը մրմնջացին Ակտոբեի նորընծա հայկական սրբավայրում, հետո այցելեցին հայկական գերեզմանոց, ծաղիկներ խոնարհեցին այնտեղ տեղադրված խաչքարերի առաջ, խնկարկեցին հայ նահատակների հիշատակը։ Միջոցառումը շարունակվեց «ՈՒրարտու» ռեստորանում, որտեղ համայնքի անդամներին ու հյուրերին ողջունեցին կիրակնօրյա դպրոցի սաները, ազգային երգի ու պարի համույթները։
Օրն ավարտվեց նույն խորհրդով, ինչով սկսվել էր՝ հային, հայությանն ու Հայաստանին ուղղված մեծարանքի խոսքերով ու բարեմաղթանքով։
Անահիտ Զոհրաբյան