Թուրքիայի և աշխարհի կոմունիստներ. «Հայոց ցեղասպանությունը չենք մոռացել, չենք մոռանալու»

Թուրքիայում և ամբողջ աշխարհում գործող 11 կոմունիստական կազմակերպություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ թուրքական «ozgur-gundem.com» լրատվական կայքի` Թուրքիայի, գրում է ermenihaber.am-ը, Հունաստանի կոմունիստական կուսակցությունները, Բրազիլիայի «Ժողովուրդների իրավապաշտպան հեղափոխական ճակատը», Բոլիվիայի «Ժողովրդական հեղափոխական ճակատը», Չիլիի «Հեղափոխական կոմունիստների միությունը», Էկվադորի «Կոմունիստական կուակցությունը», «Կարմիր արև մաոիստ կոմունիստական խումբը», ԱՄՆ-ի «Մարքսիստական, լենինյան և մաոիստ հեղափոխական խումբը», Հնդկաստանի «Կոմունիտական կուսակցությունը» և Մարոկկոյի «Մարքսիստական, լենինյան պրոլետար խումբը» հայտարարել են.

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ևս մեկ անգամ նզովում ենք ցեղասպանության ոճրագործներին: Ցեղասպանություն իրականացնեղները չեն կարող ազատվել պատմության դատաստանից»:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանն ուղեկցած  պատմական իրադրությանը և ընդգծվում է, որ հայ ազգի նկատմամբ թուրքական թշնամանքը այսօր ևս շարունակվում է:

«Թուրքական պետության հակահայկական թշնամանքն այսօր էլ է շարունակվում: Դա է ապացուցում այն փաստը, որ 2007-ի հունվարի 19-ին սպանված «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, հայազգի Հրանտ Դինքի գործը մինչև օրս չի բացահայտվել, իսկ հանցագործները խնամքով թաքցվում են: Թուրքական կառավարությունը չի ճանաչում իր երկրի սահմաններում ապրող ոչ մի ազգային փոքրամասնության կյանքի իրավունքը: Թուրքական պետությունը խտրական քաղաքականություն է վարում ոչ միայն հայերի, այլև լազերի, չերքեզների, հույների նկատմամբ: Մենք չենք մոռացել և չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:

Scroll Up