Գերմանիայի պետական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ չի փոխվում. Ժիրայր Քոչարյան

Գերմանիայի պետական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ փոփոխության չի ենթարկվել եւ, ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ եթե Գերմանիայի խորհրդարանը որեւէ բանաձեւ ընդունի, ապա բովանդակությունը լինելու է լղոզված եւ ոչինչ չասող: Տեսակետը Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանինն է:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ Քոչարյանը վստահ է, որ այս տարի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը չի քննարկվի: Նրա ունեցած տեղեկություններով չի բացառվում, որ հարցը օրակարգ մտնի 2016­ին, սակայն մեծ է հավանականությունը, որ նոր բանաձեւում էլ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը կբացակայի:

Քոչարյանը հիշեցնում է, որ թուրքական լոբբինգը շատ ուժեղ է Գերմանիայում: Բացի այդ, արդեն երկու դար է Գերմանիան եւ Թուրքիան դաշնակիցներ են: «Օրինակ` 1955թ. Գերմանիան ընդունեց ՄԱԿ­ի ցեղասպանությունների դատապարտման կոնվենցիան, իսկ երկու տարի անց, ՆԱՏՕ­-ի կազմում հսկայական գումարներ հատկացրեց թուրքական բանակին: Գերմանա­ թուրքական հարաբերությունները ամուր թելերով կապված են գրեթե բոլոր ոլորտներում եւ այդ երկրում ապրող 4 միլիոն թուրքերը լուրջ ազդեցություն են ունենում երկրի արտաքին քաղաքականության վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ»,­ ասաց Քոչարյանը` հավելելով, որ իրականում Գերմանիայի հետ աշխատանքը պետք է ավելի սերտանա, քանի որ եթե պետական մակարդակում դիրքորոշման փոփոխությունը շատ հստակ չի երեւում, հասարակական եւ գիտական մակարդակում շատ հստակ է:

Բեռլինում բնակվող Քոչարյանը հիշում է, որ եթե տասնամյակներ առաջ իրեն հարցնում էին «Մի՞թե դեռ հայեր կան աշխարհում», այսօր անգամ նրա բժիշկն է հետաքրքրվում, թե թուրքերը երբ են ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Սա կարեւոր բան է, եւ սրա վրա պետք է աշխատել»,­ ասաց Քոչարյանը` հավելելով, որ իրականում միայն դրսի աչքով է հեշտ թվում հանգամանքը, որ Գերմանիան հեշտությամբ է ընդունել Հոլոքոստը:

Քոչարյանը փաստում է, որ իրականում դա արվել է հրեական համայնքի եւ միջազգային գերտերությունների ճնշմամբ: Հայագետը հիշում է, որ դեռեւս խորհրդային տարիներին, Բեռլինում երկար ժամանակ քննարկում էին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արձանի տեղադրումը, եւ հարցն անընդհատ ձգձգվում էր ամենատարրական պատճառաբանությամբ: «Այսինքն, այնպես չէ, որ հարցը միանշանակ է ընդունվել բոլորի կողմից:

Հայաստանն էլ պետք է կարողանա ճնշումներ գործադրել, պետք է ներգրավվի միջազգային կազմակերպություններին, որպեսզի հնարավոր լինի հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,­ ասաց Քոչարյանը: Հայագետը շեշտում է, որ եթե Բունդեսթագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարեւոր կլինի, քանի որ Գերմանիան ԵՄ­ի խոշորագույն պետություններից մեկն է, եւ նրա ազդեցությունը շատ մեծ է: Բացի այդ, այդ կերպ Գերմանիան նաեւ պատասխանատվության իր մասնաբաժինը կկրի Հայոց ցեղասպանության համար: Գերմանիան ամենամեծ դեսպանատունն ուներ Կոստանդնուպոլսում եւ 15 հյուպատոսարաններ խոշոր քաղաքներում: Ի վերջո, կան արխիվներ այն մասին, որ երբ տեղեկացրել են, թե հայերի հետ ինչ է կատարվում, Բեռլինից պատասխանել են. «Թուրքերը մեր կարեւոր դաշնակիցն են եւ պետք է մնան մեզ հետ մինչեւ 1­ին համաշխարհային պատերազմի ավարտը»,­ հիշեցնում է Քոչարյանը` հավելելով, որ Գերմանիայում գործող հայկական կազմակերպությունները պետք է միայնակ չգործեն, նրանք պետք է համախմբվեն, ինչպես գերմանացի մտավորականների, այնպես էլ հույների, ասորիների հետ եւ միասին բարձրացնեն Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հարցը:

Այս տարի ապրիլի 23-­ին Բեռլինի Մայր տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ, որին մասնակցել է նաեւ երկրի նախագահը: Բունդեսթագը մեկ անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը եւ բավական երկար ելույթներից հետո բանաձեւի ընդունումը հետաձգել: Այնուհետեւ եւս երկու անգամ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Բունդեսթագը կրկին հետաձգում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւի ընդունումը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագը 2005­ին ընդունել է բանաձեւ, որտեղ, սակայն, խոսում է Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի մասին: Բանաձեւը չի պարունակում «ցեղասպանություն» եզրույթը:

Scroll Up