Լորդ Էլթոն. Ի՞նչ է մեզ այսօր սովորեցնում Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում քննարկումներ տեղի կունենան, որոնց թեման կլինի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը, որը վերաբերում է մտքի, խղճի ու կրոնի ազատությանը, որոնք այսօր աշխարհում ոտնահարվում են ամեն քայլափոխի:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեւիդ Էլթոնն իր բլոգում գրել է, որ քրիստոնյաների հետապնդումներն այսօր շարունակվում է ամբողջ աշխարհում եւ պետք է հիշել, թե ինչ է մեզ սովորեցնում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք News.am կայքից:
Նրա խոսքով, քրիստոնյաների պարբերաբար հետապնդումները նոր երեւույթ չեն: Հռոմեական կայսրության ժամանակներում քրիստոնյաներին մահապատժի էին ենթարկում, արշավներ էին կազմակերպվում քրիստոնյա հայերի դեմ, նաեւ Նամիբիայի քրիստոնյաների դեմ (վերջին երկուսը հեղինակը համարում է 20-րդ դարում քրիստոնյաների դեմ իրագործված ցեղասպանություն):
Լորդերի պալատի անդամը հիշեցնում է, որ Հայաստանը քրիստոնեություն է ընդունել դեռեւս 4-րդ դարում եւ արդեն այն ժամանակ հայերը թիրախ են դարձել Հռոմեական կայսրությունում: Նույն հարձակումները շարունակվել են նաեւ 600 տարի անց:
Բացի այդ, լորդ Էլթոնը նշում է, որ հենց Հայոց ցեղասպանությունն ու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը կարող են շատ բան սովորեցնել այսօր, երբ քրիստոնյաների հետապնդումները շարունակվում են ողջ աշխարհով մեկ: