Ֆինլանդիայում լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին գրքեր
Ֆինլանդիայում լույս է տեսել ֆին հոգևորական Սերաֆիմ Սեպալայի «Լռեցված ձայներ» գիրքը Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է armeniangenocide100.org կայքը:
Վերջինս երկար տարիներ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը և ունի մի շարք հրապարակումներ այդ թեմայով,տեղեկացնում է Ֆինլանդիայում ՀՀ դեսպանությունը: Հեղինակի փոխանցմամբ՝ նոր գիրքը ներկայացնում է ցեղասպանության հետևանքները, որպես հարգանքի տուրք կորսված մշակութային արժեքներին։
Հայերը մշտապես հատուկ վերաբերմունք են ունեցել բնության և սրբավայրերի նկատմամբ։ Իրենց հնագույն ժառանգությունը հանդիսանում է բացառիկ միատարր քրիստոնեական մշակույթ՝ ստեղծված իսլամական աշխարհի սրտում։ Ցեղասպանության արդյունքում հայերը կորցրեցին իրենց կյանքի ռիթմը, երգերը, պարերը, ծեսերն ու տոնակատարությունները», նշում է հեղինակը իր գրքում։
Գրքում մասնավորապես նշվում է, որ ցեղասպանությունից հետո հարկավոր էր այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ կանոնավոր կերպով ոչնչացնելով պահպանված մշակութային հուշարձանները՝ հիմնահատակ անելով վանքեր, և կրթամշակութային կենտրոններ։
Գրքում ներկայացվում են Ցեղասպանությունը վերապրած մարդկանց և ականատեսների ճակատագրեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվում բռնի կրոնափոխ եղած հայերին, ովքեր 100-ամյա լռեցումից հետո վերջերս սկսել են ի հայտ գալ Թուրքիայում։
«Ցեղասպանությունը ավելի մեծ ողբերգություն է, քան պարզապես զոհերի անհատական ճակատագրերը։ Մարդկային ցեղի վերացումից բացի, այն ենթադրում է մշակութային բազում արժեքներիվերջնական ոչնչացում», գրում է Սերաֆիմ Սեպալան։
Լույս է տեսել նաև Գրիգորիս Բալակյանի «Հայկական Գողգոթան» գրքի ֆիններեն թարգմանությունը, որը կատարվել է Հեյկկի Սուլոյարվիի կողմից։ Առաջաբանը հեղինակել է Սերաֆիմ Սեպալան։
Գրքերի շնորհանդեսը կկայանա ապրիլի 11-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի շրջանակներում։