Էրդողան. Հայերը միտումնավոր ապրիլի 24-ը «հարմարեցրել են» Գալիպոլիի օրվա հետ
Հայերն իրենք են միտումնավոր ապրիլի 24-ը հարմարեցրել այնպես, որպեսզի այն համընկնի Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի օրվա հետ: Այս մասին ըստ NEWS.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը՝ ֆրանսիական France 24-ին տված հարցազրույցում:
Էրդողանը հիշեցրել է, որ այս տարի Թուրքիան նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձը եւ չի պատրաստվում դրա համար թույլտվություն խնդրել Հայաստանից:
«Սա պատմական ամսաթիվ է, եւ այն բացարձակապես կապ չունի Հայաստանում միջոցառումների հետ: Ճիշտ հակառակը, նրանք ամսաթիվն այնպես են հարմարեցրել, որպեսզի այն համընկնի մեր ամսաթվի հետ»,-հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրներին, «հենց Թուրքիան է միշտ արել դրական քայլը» եւ խաղաղության ձեռք մեկնել: Իսկ Հայաստանը, նրա կարծիքով, «երբեք չի ընդունել խաղաղության ձեռքը»: