«Հիշելուց բացի, մեր պարտականությունն է՝ հիշեցնելու և պահանջելու ձևերին տիրապետելը». Նորա Արիսյան

«Հայերն այսօրը» զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի արաբերեն կայք-էջի գլխավոր խմբագիր, թարգմանիչ, Արաբ գրողների միակ կին անդամ Նորա Արիսյանի հետ, ով վերջերս արաբերեն լեզվով հրատարկեց իր «Ցեղասպանության 100 տարի…, 100 արաբ վկայութուններ» գիրքը:
– Տիկի´ն Արիսյան, որո՞նք են «Ցեղասպանության 100 տարի…, 100 արաբ վկայութուններ» գրքի աղբյուրները:
– Աղբյուրագիտական իմաստով լայն տարողություն տալու համար գրքին, զանազան աղբյուրներ եմ օգտագործել: Սիրիայի տարածքի և տարածաշրջանի պատմագրություններն ու ուսումնասիրությունները, որոնք անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, ներառել եմ արաբ քաղաքական և մշակութային գործիչների հուշերը և տարբեր առիթներով կատարված հայտարարությունները, քաղաքական դիրքորոշում ներկայացնող արձանագրությունները, հայտնի անձնավորությունների հետ նախապես կատարած իմ հարցազրույցները: Օգտվել եմ ինչպես Ցեղասպանության օրերին, այնպես էլ վերջին տասնամյակներին հրատարակված արաբական մամուլից, զերծ մնալով, իհարկե, փաղաքշական խոսքերից ու գրություններից, համերաշխության դիտանկյունից կատարված ուսումնասիրություններից: Կենտրոնացումս սևեռել էի միայն Ցեղասպանության հանդեպ կատարված դիրքորոշումների վրա:
– Ի՞նչն առիթ հանդիսացավ գրքի հրատարակման համար:
– Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց կարևոր համարեցի, որ արաբական աշխարհում հնչած դիրքորոշումներին որոշ արժևորում տրվիի: Իմ նմապատակս էր նաև ուսումնասիրել արաբների մոտ ցեղասպանության հասկացողության հոլովույթը և ճանաչման հարցով նրանց ընկալումը, ինչպես նաև արաբական աշխարհում հավելյալ լույս սփռել Հայոց ցեղասպանության թեմային: Գիրքս նաև կոչ է՝ հավելյալ վկայություններ արձանագրելու, որոնք կարող են խթան հանդիսանալ արաբական կառավարություններին հստակ դիրքորոշվելու և որոշումներ կայացնելու ո´չ միայն ճանաչելու և դատապարտելու, այլ նաև արաբական երկրներում Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու առումով: Եվ կարծում եմ, որ գիրքն իր նպատակին, որոշ առումով, ծառայեց. վերջերս գիրքը ներկայացվեց Սիրիայի խորհրդարանում և մեծ հետաքրքրություն առաջացացրեց:
– Տիկի´ն Արիսյան, Ձեր գիրքը արաբական և հայկական հարաբերությունները կամրջելու յուրատեսակ փորձ է: Ինչպիսի՞ն են այդ հարաբերություններն այսօր, հատկապես Հայոց ցեղասպանության դիտանկյունից:
– Իսկապես, գիրքը առիթ է հավելյալ և նոր հենակետ տալու հայ-արաբական դարավոր հարաբերություներին, որոնք վերջին տարիներին ապրում են տարբեր մթնոլորտ. նկատի ունենալով Թուրքիայի վարած քաղաքականությունը տարածաշրաջանում և արաբական մի քանի երկրների դիրքորոշումը, որն առիթ տվեց ուսումնասիրողներին և մամուլին բացահայտել նաև նախորդ դարում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը:
– Ձեր կարծիքով, ի՞նչ արժեք ունեն արաբական աղբյուրները՝ Հայ դատի միջազգային հնչեղության առումով:
– Կարծում եմ, որ արաբական աղբյուրները հանդիսանում են կարևոր սկզբնաղբյուր, հիմք ունենալով երկու հանգամանք. նախ պետք չէ մոռանալ, որ արաբները եղել են Հայոց ցեղասպանության առաջին ականատեսները, երկրորդ՝ նրանք իսլամ են՝ պատկանում են ջարդարարի նույն կրոնին, հետևաբար արաբների վկայությունները հավաստի աղբյուրներ են: Մեզ բոլորիս հարկավոր էր, որ վաղուց լույս սփռել նման աղբյուրների վրա և օգտվել նրանցից՝ Հայ դատին միջազգային հնչեղություն տալու համար:
– Տիկի´ն Արիսյան, Դուք նաև Լիբանանի «Ազդակ» օրաթերթի արաբերեն կայք-էջի գլխավոր խմբագիրն եք: Ո՞րն է կայք-էջի հիմնական առաքելությունը և թիրախային լսարանը:
– Կայք-էջի հիմնական թիրախը արաբ ընթերցողն է և արաբական մամուլը, որոնք աղավաղված լուրեր են ստանում: Մեկ այլ հանագամաք՝ արաբական լրատվական դաշտում հայկական թեմաներին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել, հատկապես ճանաչողական նյութերի առումով և հայկական տեսակետից: Այս բոլորը առիթ հանդիսացավ, որ Ազդակի արաբերեն կայք-էջը դառնա հավաստի աղբյուր:
Կարծում եմ, խոսքս զարմանալի չի հնչի, եթե ասեմ, որ լսարանի թիրախը հանդիսացավ նաև հայերի այն շերտը, որոնք չեն տիրապետում հայերեն լեզվին և նախընտրում են լուրերը ստանալ արաբերեն լեզվով:
– Տիկի´ն Արիսյան, Դուք Արաբ գրողների միության միակ կին անդամն եք: Ի՞նչ կասեք այս առումով…
– Անկեղծ ասած՝ չգիտեմ, դա շատ ուրախանալի բան է, թէ չէ, քանի որ կցանկանայի, որ սիրիահայ կինը և, անշուշտ, տղամարդն ավելի ներքաշված լիներ սիրիական, արաբական բոլոր ասպարեզներում:
Արաբ գրողների միության անդամ լինելն առիթ է, որ այդ կարևոր հաստատության մեջ հաճախ հնչում են հայ գրականության, հայերենի մասին հրատարակություններ, նյութեր, որոնց հանդեպ մեծ հետաքրքրություն կա: Ես արդեն Թարգմանության հանձնաժողովի քարտուղարի պաշտոնն եմ վարում ու փորձում եմ ամեն առիթի ներկայացնել մեր գրականությունն ու մշակույթը:
– Դուք պարգևատրվել եք ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալով: Ի՞նչ կարևորություն ունեն նման պարգևները Սփյուռքում ապրող ու ստեղծագործող մարդկանց համար:
– Իսկապես շատ զգացված էի, և գնահատելի է, որ պետական մակարդակով և նամանավանդ ՀՀ նախագահի կողմից կա նման հետևողականություն Սփյուռքի մեջ գործող անհատների հանդեպ, որոնք փորձում են ներդրում ունենալ երկկողմ հարաբերություններում և հայկական թեմաները հրամցնել, կամ ավելի ճիշտ՝ հայը ներկայացնել այլ երկրներում:
– Տիկի´ն Արիսյան, Դուք նաև հայերեն-արաբերեն թարգմանություններ եք կատարում: Ի՞նչ է Ձեզ համար այս աշխատանքը:
– Ժամանակի ընթացքում հասկացա, որ հարմար կամուրջ կարող եմ հանդիսանալ՝ փոխանցելու հայ մշակույթը, պատմությունն ու գրականությունը արաբ ընթերցողին: Լավ տիրապետելով երկու լեզուներին և թարգմանչի մասնագիտությանը՝ փորձում եմ արաբական գրադարանը հնարավորինս հարստացնել հայկական թեմաներով: Առ այսօր տասը գիրք եմ թարգմանել, որոնք առնչվում են հայ գրականության, Ցեղասպանության, և Ղարաբաղի թեմաներին:
– Տիկի´ն Արիսյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ո՞րն է ձեր ամենամեծ ցանկությունը և Ձեր կարծիքով, յուրաքանչյուր հայի ամենամեծ պարտականությունը:
– Ընդունված կարգախոսն արդեն իսկ մեզ հուշում է, որ պետք է հիշել և պահանջել: Հետևաբար, կարծում եմ, որ հիշելուց բացի, մեր պարտականությունն է՝ հիշեցնելու և պահանջելու ձևերին տիրապետելը:
Իսկ իմ ցանկությունն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը անցողական, ցուցադրական միջոցառումների չվերածվի, այլ նաև մնայուն աշխատանք կատարվի, ճանաչման խնդիրն ավելի լայն տարածում գտնի և իրավական դաշտի մեջ աշխատանքն արդյունավորվի:
Հարցազրույցը՝ Լուսինե Աբրահամյանի