ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնական հանդիպումները Կանբերայում

Մարտի 24-ին նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ ունենալու նպատակով Սիդնեյից մեկնեց Կանբերա:

 Ավստրալիայի խորհրդարանում նախարարը հանդիպեց ազգությամբ հայ նախարար,  Ավստրալիայի գանձապետ Ջո Հոքեյին: Քննարկվեցին Հայաստան-Ավստրալիա երկկողմ հարաբերություններին, Հայրենիքի և ավստրալահայ համայնքի գործակցությանն առնչվող և այլ հարցեր: Նախարարը Ջ. Հոքեյին ներկայացրեց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները և նրան նվիրեց անմոռուկ:

 Այնուհետև հանդիպեց Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար Սթիվեն Չիոբոյի հետ և ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Ավստրալիա առևտրատնտեսական հարաբերությունների հնարավոր զարգացումներին: Նախարարը խոսեց նաև Հայոց ցեղասպանության և նրա հրեշավոր հետևանքների մասին՝ կարևորելով Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես նոր ցեղասպանությունների կանխարգելման գրավականի:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց նաև Ավստրալիայի ստվերային նախարար Ջոյել Ֆիցգիբոնին, Ավստրալիայի խորհրդարանի անդամ Միշել Ռոլանդին, Խորհրդարանի անդամ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի 100-ամյակի հարցերով ստվերային նախարար Դեյվիդ Ֆինեյին, Ավստրալիայի խորհրդարանի անդամ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման և զբոսաշրջության հարցերով կոալիցիայի քաղաքականության հանձնաժողովների նախագահ, Սիդնեյի օդանավակայանի համայնքային ֆորումի նախագահ Ջոն Ալեքսանդրին: Քննարկվեցին եկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախարարը խոսեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումների մասին՝ կարևորելով հատկապես ապրիլի 22-23-ին տեղի ունենալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կդառնա հարթակ՝ խոսելու ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ցեղասպանությունների մասին առհասարակ: Նախարարը նշել է, որ հատուկ կարևորություն ունի ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր Աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի տագնապի 100 զանգերը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Դրան կհետևի տերունական աղոթքի ընթերցումը և Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում, տաբեր երգչախմբերի կողմից: Նախարարը հույս հայտնեց, որ Ավստարլիայի ժողովուրդը՝  ավստրալահայության հետ նույնպես կմիանան այդ արարողություններին: Նախարարը հանդիպման բոլոր մասնակիցներին անմոռուկների հետ միասին նվիրեց նաև Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը՝ պատմելով այդ հուշարձանների ստեղծման և դրանց խորհրդի մասին:

 Հանդիպումներից հետո Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց Ավստրալիայի խորհրդարանի լիագումար նիստին, որին ներկա էր երկրի ամբողջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: ՀՀ սփյուռքի նախարարի ներկայությունը համընկել էր Կառավարությանը հարցեր ուղղելու օրվա հետ:

 Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը ողջունեց նախարարին՝ որպես ՀՀ նախագահի հատուկ բանագնացի ու սփյուռքի նախարարի և շնորհակալություն հայտնեց նիստին ներկա գտնվելու համար:

 Բոլոր այն պատգամավորները, ում Հրանուշ Հակոբյանն անմոռուկ էր նվիրել՝ խորհրդարանի նիստին ներկայացել էին անմոռուկներով:

 Հանդիպումների ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանին  ուղեկցում էր Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը:

7 4 3 2

Scroll Up