Արամ Ա կաթողիկոսը, ասորի և ղպտի եկեղեցիների պետերը Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող հայտարարություն են ընդունել

Կահիրեում տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, ղպտի եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքի և ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքի միջև: Հանդիպումը մասն էր շուրջ քսան տարի առաջ Միջին Արևելքում իրենց կենտրոնը ունեցող Արևելյան Ուղղափառ «ՈչՔաղկեդոնական» քույր եկեղեցիների հոգևոր պետերի համախմբման։
Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքի հաղորդմամբ, վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ ստեղծված կառույցի նպատակն է Միջին Արևելքում գործակցություն ծավալել հայ, ասորի և ղպտի եկեղեցիների միջև: Միջեկեղեցական գործակցության կազմակերպչական հարցերի համար կազմվել է գործադիր հանձնախումբ, ինչպես նաև ենթահաձնախմբեր: Մեծի Տանն Կաթողիկոսության կողմից գործադիր հանձնախմբին մասնակցել են Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը և Կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը։ Գործադիր հանձնախումբը զեկույց է ներկայացրել հոգևոր պետերին, որից հետո նրանք հայտարարությամբ են հանդես եկել։
Հայտարարությունն անդրադառնում է Միջին Արևելքի ընդհանուր վիճակին, դատապարտում է ծայրահեղական շարժումների գործողություններն անմեղ մարդկանց ու, հատկապես, քրիստոնյա համայնքների նկատմամբ, շեշտվում է իսլամ-քրիստոնյա համակեցության կարևորությունը՝ փոխադարձ հանգանքի ու վստահության վրա հիմնված, ինչպես նաև շեշտվում է արևելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնականությունն ամրապնդելու կարևորությունը: Հոգևոր պետերը հայտարարության մեջ ողջունել են արևելյան քույր եկեղեցիների աստվածաբանական երկխոսությունը կաթոլիկ, անգլիկան ու ուղղափառ եկեղեցիների հետ և ընդհանրապես միջեկեղեցական շարժման մասնակից դառնալը, նաև նշվել է Միջին Արևելքի հոգևոր պետերի հանդիպման կարևորությունը՝ նկատի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հայտարարությունը նաև անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և մեկ ու կես միլիոն հայ նահատակների սրբացմանը, կոչ է ուղղվել եկեղեցիներին իրենց մասնակացությունը բերել հիշյալ կարևոր իրադարձություններին