Սիդնեյում կայացավ Հայկական փառատոն՝ ՀՀ սփյուռքի նախարարի մասնակցությամբ (լուսանկարներ)
Մարտի 22-ին Սիդնեյի Թումբալոնգ զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի մոտ տեղի ունեցավ Սիդնեյի Հայկական փառատոն 2015-ը՝ ՀՀ սփյուռքի նախարարության, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ և ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ օգնության միության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնեց Սիդնեյ մեկնած Սփյուռքի նախարարության աշխատակիցը:
Փառատոնին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հազարավոր հայեր և օտարներ:
Նախարար Հ. Հակոբյանը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Տրանսպորտի նախարար Գլեդիս Բելեջիկյանի հետ շրջեց փառատոնի շրջանակներում բացված բոլոր տաղավարներում եւ զրուցեց հայրենակիցների հետ:
Բացման խոսքով հանդես եկավ Գլեդիս Բերեջիկլյանը, այնուհետ ելույթ ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավստրալիայի իշխանությանը, որ ստեղծել է այնպիսի պայմաններ, որ դուք, հաստատվելով այս երկրում, կարողացել եք պահպանել լեզուն մշակույթը, ավանդույթը և, այդ ամենը ի ցույց դնել մյուսներին: Շնորհակալություն, Ավստրալիա՛»,- իր խոսքում ասաց նախարարը, ավելացնելով,- Դուք դարձել եք Ավստրալիայի լավագույն քաղաքացիներ, օրինապա՛շտ քաղաքացիներ և միաժամանակ պահպանել եք Ձեր ինքնությունը: Ձեր ջանքերի, մեր կուսակցությունների համատեղ ջանքերի, Հայ դատի ջանքերի շնորիվ է Հարավային Ուելսը ճանաչել մեր երկրորդ Հանրապետության անկախությունը: Կեցցե՛ Արցախի հանրապետությունը»:
Նախարարը անդրադարձավ նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ասելով. «Մենք հաղթեցինք թուրքին, թուրքը չկարողացավ ոչնչացնել մեզ, նրա պետական քաղաքականությունը չիրականացավ»։
Փառատոնին երգի ու պարի համարներով հանդես եկան Համազգայինի Սիդնեյ պարի անսամբլը, Համազգայինի Նաիրի պարախումբը, Գօլստեն ճեմարանի աշակերտները, Black Bird խումբը, Մարիա Ղարեմանյանը, Վարդան Մարտիրոսյանը: Երեկոն եզրափակեցին Հայաստանից ժամանած փառատոնի պատվավոր հյուրեր Զարուհի Բաբայանն ու Համլետ Գևորգյանը, որոնք իրենց կատարումներով ստեղծեցին բարձր տրամադրութիւն:
Երեկոյի վերջում նախարարը հանդիպում ունեցավ Համազգայինի Սիդնեյ պարի անսամբլի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին խմբի գործունեության հետ կապված հարցեր:
Նշենք, որ մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց Ավստրալիա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի, ավստրալահայ տարբեր կառույցների՝ կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների, կանանց, երիտասարդական միությունների, գործարար շրջանակների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, այցելություններ հայկական վարժարաններ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, հարցազրույցներ հայալեզու լրատվամիջոցներին։
Հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարևորությունը նախատեսվում է նախարարի այցը մայրաքաղաք Կանբերա՝ մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով: