Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը Մեքսիկայում
Մարտի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած` Մեքսիկայի և ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքների համատեղ հանդիսությամբ պաշտոնապես մեկնարկեցին Մեքսիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Միջոցառմանը ներկա էին մեքսիկացի մտավորականներ՝ արվեստի, գիտության գործիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Միջոցառման ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց Մեքսիկայում 2015թ. մարտից նեյեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Մարտի 15-ին Մեխիկոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցվեց Սուրբ պատարագ, որը նախագահում էր Մեքսյիկայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Նորբերտո Ռիվերան: Պատարագին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը և Լատինական Ամերիկայի հայ Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վարդան Եպիսկոպոս Պողոսյանը:
Պատարագի ավարտին Մեքսիկայի հայ համայնքի անունից Մեխիկո քաղաքին նվիրվեց հայկական խաչքար, որն այսուհետև կպահպանվի Քաղաքակրթությունների Մեքսիկայի ազգային թանգարանում: Խաչքարի զետեղման արարողության ընթացքում ելույթներ ունեցան դեսպան Հովհաննիսյանը, Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը, Մեքսիկայի Ազգային թանգարանի տնօրեն Կառլոս Վակեսը, ինչպես նաև Կալիֆորնիայից հատուկ ժամանած, Լոս Անջելեսի քաղաքային Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:
Պատարագը լայնորեն լուսաբանվեց մեքսիկական ԶԼՄ-ներում: