Ֆրեզնոյում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քննարկում կանցկացվի

San Joaquin Valley Town Hall ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է հայտնի մարդկանց միջոցով հանրությանը որոշակի խնդիրների մասին իրազեկելը, Ֆրեզնոյում հոգևորականության 2 ներկայացուցիչների, գիտնականի և դիվանագետի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ քննարկում կկազմակերպի։ 1in.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է The Fresno Bee-ն։

«Մարդու անմարդկայնությունը մարդու նկատմամբ… Վերջին 100 տարիները» վերտառությամբ քննարկումը տեղի կունենա մարտի 18-ին Սարոյանի անվան թատրոնում։ Բանախոսներն են Ամերիկայում հայկական եկեղեցու էկումենիկ գրասենյակի գործադիր տնօրեն, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը, Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը և նախկին րաբբի Քենեթ Սեգելը։ Հանդիպման ժամանակ կխոսվի Հայոց ցեղասպանության մասին, կքննարկվեն հարցեր ամերիկյան մշակույթի, գիտության մեջ ներդրումների մասին այն մարդկանց կողմից, ովքեր անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել։

Սեգելը կխոսի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև կապի մասին։

Հայկազյանը հույս ունի, որ քննարկումը հայերին հասկանալու համար լավ հիմք կստեղծի։

«Նրանք չեն ատում թուրքերին,- ասել է նա:- Հայ ժողովրդի մեծ մասը մտադիր չէ վրեժխնդիր լինել։ Մեծամասնությունը պատրաստ է խաղաղ լուծման։ Ամենակարևոր բանը ճանաչումն է»։

Scroll Up