Թուրքիային մեծանալ է պետք. ամերիկացի հետազոտողը՝ Թուրքիայի ժխտողականության մասին
Հարվարդի համալսարանի Ռուսական և եվրասիական հետազոտությունների Դևիսի կենտրոնի հետազոտող, ցեղասպանությունների մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Ջեք Նյուզան Փորթերը, շարունակելով Global Post պարբերականում վերջերս հրապարակված «Ինչո՟ւ է Թուրքիան շարունակում ժխտել Ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածը, նույն պարբերականում գրում է, հայտնում է 1in.am-ը.
«Կցանկանայի բացատրել՝ ինչու, իմ կարծիքով, Թուրքիան, ի տարբերություն Գերմանիայի (նկատի ունի Գերմանիայի կողմից Հոլոքոստի ճանաչումը- խմբ.) չի ճանաչել ցեղասպանությունը:
Անհրաժեշտ է հոգեբույժի մոտ քաղաքական հոգեբանության դասեր վերցնել՝ հասկանալու համար Թուրքիայի շարժառիթները: Դժբախտաբար, Թուրքիան, հատկապես նրա առաջնորդները, խոր թերարժեքության բարդույթով են տառապում՝ լվանալով իրենց ժողովրդի ուղեղները և ստիպելով նրանց հավատալ այս ամենին: Գերմանիան ուժեղ երկիր է, որը գիտի՝ առաջինը ինքդ պիտի ընդունես չարիքը՝ որպեսզի որպես ազգ հասունանաս:
Կարճ ասած, Թուրքիային մեծանալ է պետք: Ցավոք, քանի դեռ այդ երկիրը գնալով ավելի ու ավելի սկսում է հարել ֆունդամենտալ իսլամին, ավելի դժվար է դառնում ընդունել որևէ այլ մեկի ցավը:
Ավելին, Միացյալ Նահանգները և Իսրայելը Թուրքիայի ճնշման պատճառով նույնպես չեն ճանաչել Ցեղասպանությունը: Ուստի, նման կերպ, այդ երկրները նույնպես հասունանալու տեղ ունեն:
Ամերիկան և Իսրայելը Թուրքիայի կարիքը չունեն: Նրանք պետք է դիմադրեն Թուրքիային և ճնշում գործադրեն այդ երկրի վրա՝ ճանաչելու Ցեղասպանությունը: Բայց նախևառաջ, նրանք իրենք պետք է դա անեն:
Ի վերջո, ես հավատում եմ, որ թուրք ժողովուրդը, ում ես անչափ սիրում եմ, ոտքի կկանգնի և կունենա այնպիսի առաջնորդներ, որոնց արժանի է»: