Ցեղասպանությունը պետք է պատմենք ոչ թե Անկարայի «կոստյումավորներին», այլ հասարակ մարդկանց. թուրք պրոֆեսոր
Թուրքիան ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության ճանաչմանն այսքան ընդդիմանում: Պետության աչքում ներքին և արտաքին թշնամիների ցանկում տեղ գտած հայերի հարցում տեսակետի ի՞նչ փոփոխություն է լինելու: Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիներն իրենց որքանո՞վ են ապահով զգում: Այս ամենի մասին թուրքական Evrensel կայքը զրուցել է Բիլգի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտի խորհրդի անդամ, պրոֆեսոր Այհան Աքթարի հետ:
«Ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության վրա Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ճնշումն ավելանում է, և այն փորձում է պաշտպանվել: Ամեն տարի մարտի 18-ին նշվող Չանաքքալեի տոնակատարություններն այս տարի ապրիլի 24-ին են լինելու, և այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Ազգայնական շրջանակների կողմից ավելացել են «հայկական ահաբեկչության» հիշատակի միջոցառումները: Ատելության խոսքն է, անշուշտ, ավելացել»,-գրում է պարբերականը:
Խոսելով Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ թուրք պրոֆեսորն ասել է. «Փոփոխություն թե՛ կա, թե՛ չկա: Փոփոխությունը նախևառաջ հասարակության մեջ է եղել: 2000 թվականին եթե մի գիտնական ասեր, որ մեկ միլիոն հայ սպանվել է, դա մեծ իրադարձություն կլիներ: Այդ մարդն անգամ սպառնալիքներ կստանար: 2005 թվականին Բիլգի համալսարանում հայտնի հայկական համաժողովը ոստիկանության հսկողության ներքո արեցինք: 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ միաձայն պատասխան էր հնչում. «Նման բան չի եղել, մեր պապերը մարդասպաններ չեն»: Սակայն այժմ դա էլ է փոխվում:
-Իրո՞ք կարգավորվել է: Թուրք հասարակությունն այլևս չի՞ անհանգստանում, երբ ասում եք «այո, Հայոց ցեղասպանություն եղել է»:
-Չի անհանգստանում: Շատ մարդիկ պապերից լսած պատմությունները մինչ այժմ թաքցնում էին, այժմ, երբ հարցնում ես, պատմում են: Դա կարևոր է: 15 տարում գիտակցության մեջ շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Արևմտյալ լեզուներով գրված բոլոր գործերը թարգմանվել են:
Աքարը նշել է, որ իր համար անակնկալ էր այն, որ Չանաքքալեի միջոցառումները տեղափոխվել են ապրիլի 24-ին և հրավիրվել է նաև Հայաստանի նախագահը:
«Դա լինելու բան չէր, սակայն ուշագրավ մի բան էլ տեղի ունեցավ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշեց, թե Հայաստանի նախագահին հրավիրել են, քանի որ հայերն էլ են մասնակցել Չանաքքալեի մարտերին: Դա ինձ համար անակնալ էր»,- ասել է նա:
-Ինչո՞ւ զարմացաք:-Քանի որ մինչ այժմ դա մերժվում էր: 2012-ին Չանաքքալեի մարտերին մասնակցած Սարգիս Թորոսյանի հուշերը տպագրության էի պատրաստել, և «աշխարհի վերջը» սկսվեց: Գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ նշելով, որ նման անուն- ազգանունով սպա չի եղել: Դա Hürriyet թերթի առաջին էջին տեղ գտավ:
Նշում էին, որ այդ հուշագիրքն ամբողջությամբ կեղծ է, այդ մարդը Չանաքքալեում երբևէ չի եղել, և դա ապացուցելու համար մի պատմաբան Taraf թերթում 34 հոդված գրեց, մեկ ուրիշը 300 էջանոց գիրք պատրաստեց: Հետո մենք Թորոսյանի ընտանիքին գտանք, որոշ փաստաթղթեր վերցրինք: Այս անգամ էլ հոդվածներ գրեցին՝ ապացուցելու, որ այդ փաստաթղթերը կեղծ են:
-Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո Ցեղասպանության ճանաչումը հնարավո՞ր է:
-Իմ անձնական տեսակետը բացասական է: Սակայն որոշ քաղաքացիական կառույցներ, պարզվում է, նպատակ են դրել Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել տալ Ցեղասպանությունը: Իմ կարծիքով՝ դա իմաստ չունի:
-Ինչո՞ւ:
-Ես չեմ կարծում, որ Անկարայում կոստյումավոր մարդիկ երբևէ կասեն՝ «այո՛, Ցեղասպանություն եղել է»: Երբեք չեն ասի, կամ էլ, գուցե, ես չեմ տեսնի: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրանցով զբաղվելն անիմաստ է: Թուրքիայում իրենց մտավորական համարող մարդկանց թիրախը պետք է փողոցի մարդիկ լինեն: Կարճ ժամկետում պետության տեսակետը փոխելը դժվար է: Նրանք խոստովանեցին, որ Թորոսյանի նման այլ հայեր էլ են երկրի պաշտպանության գործում տեղ զբաղեցրել, սակայն Ցեղասպանության ճանաչումը մի քիչ դժվար է:
-Թուրքիան ամեն տարի Ապրիլի 24-ին անհանգստանում է, սակայն այս տարի՝ 100-ամյակին ավելի անհանգիստ է երևում, ինչո՞ւ:
– Ցեղասպանության, բռնի տեղահանությունների մասին այս բոլոր քննարկումների և այլնի հետևում ունեցվածքի հարցերն են: Հայերը դատավարություններ են սկսել ամերիկյան ապահովագրական ընկերությունների դեմ:
-Եթե վաղը վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասի, որ ճանաչում է Ցեղասպանոթւյունը, ի՞նչ տեղի կունենա:
-Նախ ԱԶԿ-ն 5-8 տոկոսի չափով ձայն կկորցնի: Եվ այդ ձայները, հավանաբար, «Ազգայնական շարժում» կուսակցությանը կգնան: Դա ինքնին պատճառ է ԱԶԿ-ի համար:
Երկրորդ. մի շարք մարդիկ, որոնք նշում են, որ իրենց պապերը մարդասպաններ չեն, փողոցներ դուրս կգան: Այսինքն՝ նման կոշտ խոսքերով փոփոխություն չի լինի: Փոփոխությունները շատ բարդ գործ են: 10 տարի առաջ, երբ Հայերին նվիրված համաժողով էինք նախապատրաստում, Դողու Փերինչեքի թիմը (ազգայնական գործիչ- Tert.am) մասնակիցների վրա հավկիթներ էր նետում: Տարօրինակ տեսարան էր, սակայն այդ տեսարանը հետևում մնաց: Գուցե ասեք, որ այդ ժամանակ «Այս համաժողովը թուրք ժողովրդին թիկունքից հարված է» ասող Ջեմիլ Չիչեքը դեռ մեջտեղում է: Այո՛, այդպես է, և վստահ եմ, որ նրա տեսակետը շատ չի փոխվել: Սակայն աշխարհն է փոխվել: Անգամ եթե նա մտածում է այդպես, արդեն ստիպված է կուլ տալ դա: Քանի որ ԱԶԿ-ի ներկա քաղաքականությունն անգամ այդ կոշտությունը չի կարող հանդուրժել:
-Ներողություն խնդրելն առերեսվելու և բարելավման ժամանակահատվածի համար շատ կարևոր է: Հետևաբար՝ կարևոր է, թե ինչպես պետք է ներողություն խնդրել: Ձեր կարծիքով՝ դա ինչպե՞ս պետք է լինի:
-Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելը, սահմանը բացելը, այնտեղ դեսպան ունենալը, պաշտոնական այց կատարելը…. Դրանք շատ խորհրդանշական քայլեր են, սակայն իմաստալից: Քաղաքականությունը 21-րդ դարում արդեն սիմվոլներով է իրականացվում:
1970 թվականի Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտի՝ Վարշավայում ծնկի գալու լուսանկարները դեռ մարդկանց ուղեղներում են: Առերեսումն այդպես է լինելու:
tert.am