Ցեղասպանության տարիների միսիոներուհիները ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծեր»-ը ծրագրում
«Հայերն այսօր»-ը անդրադառնում է այն միսիոներուհիներին, ովքեր իրենց անձնվեր պայքարի միջոցով կարողացան փրկել բազմաթիվ հայերի: Այսօր ներկայացնում ենք Քարեն Եփփենի կյանքն ու գործունեությունը:
Քարեն Եփփեն մեկն է այն նվիրյալներից, ով 1895 թվականի Համիդյան ջարդերին և դրան հաջորդող տարիներին մեծապես նպաստեց հայ ժողովրդի վերականգնմանը: Նա ծնվել է 1876 թվականին Դանիայում: Համդիյան կոտորածների տարիներին բժշկություն էր սովորում Կոպենհագենում: Այդ ջարդերի մասին մամուլում տարածված տեղեկություններից հետո հրաժարվում է ուսումից և որոշում է մասնակցել եվրոպացի ու ամերիկացի միսիոներների աշխատանքին: Նա նամակագական կապ է հաստատում Ուրֆայում որբահավաք իրականացնող գերմանացի Յոհաննես Լեփսիուսի և ամերիկացի Միսս Շաթիկի հետ: Ծնողներին համոզելու երկար փորձերից հետո, ի վերջո, 1903թ. հասնում է Ուրֆա: 27 տարեկան էր, երբ իրեն է վստահվում 300 հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը: Եփփեն շուտով սովորումէ հայերեն: Նա կարճ ժամանակում արժանանում է բոլորի հարգանքին և սիրուն, ժողովուրդը սկսում է նրան անվանել «Միսս Եփփե մայրիկ»: 1915թ. ևս նա Ուրֆայում էր: Նա ոչինչ չխնայեց այստեղով անցնող հայ տարագիրներին, ինչպես նաև Ուրֆայի հայ հեոսամարտերի մասնակիցներին օգնելու համար: 1917թ. նա վերադառնում է Դանիա և ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո սկսում է դասախոսություններով և հոդվածներով պատմել հայ ժողովրդի ապրած Եղեռնի մասին: Շուտով նա վերադառնում է Հալեպ՝ օգնելու այստեղ գտնվող հայերին: 1922թ. Եփփեն նշանակվում է Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ և զբաղվում է հայ գաղթականների տեղավորման հարցերով: Հայ որբերի և կանանց գտնելու և հավաքելու ձգտումով նա համարձակ քայլերի է դիմում, շրջում է գյուղ առ գյուղ: Քարեն Եփփեն մահանում է 1934 թվականին: Ծնունդով դանիացի բողոքական լինելով՝ նա իր կյանքի մեծ մասն ապրում և մահանում է որպես հայ առաքելական: Իր կտակի համաձայն հուղարկավորությունն ու թաղման արարողությունը կատարումէ հայ եկեղեցին: Նրա շիրիմը գտմվում է Հալեպի Հայոց ազգային գերեզմանատանը: 1947թ. Հալեպում հիմնվում է Քարեն Եփփե ճեմարանը: