Միջոցառում՝ նվիրված Հովհաննես Շիրազի 100 ամյակին

Մարտի 1-ին Մոսկվայի «Հայորդաց տանն» անցկացվեցին միջոցառումներ՝ ամփոփելով փետրվարի 1-ից սկսված Մայրենի լեզվի միամսյակը։ Այս շաբաթների ընթացքում իրականացվեցին դաս-միջոցառումներ, պոեզիայի ժամեր, բաց դասեր նվիրված հայերենին։ Միամսյակը փակվեց Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմամբ, որը կազմակերպել էին հայոց լեզվի ուսուցչուհիներ Սվետլանա Միքայելյանը և Ալլա Համբարձումյանը։

«Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս

Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ․․․»

Շիրազի «Գարնանամուտով» մեկնարկեց միջոցառումը և արտասանող երիտասարդը ծաղիկներ նվիրեց ներկաներին՝ էլ ավելի ամբողջացնելով գարնանային տրամադրությունը։ Գյումրվա բարբառով հագեցած փոքրիկ բեմադրությունները, տեսահոլովակներն ու Շիրազի բանաստեղծությունները հանդիսատեսին տեղափոխեցին Շիրազի մանկություն, ստիպեցին զգալ բանաստեղծի սրտի ամեն մի թրթիռը, երբ գովերգում էր մորը, Մասիսն ու հայրենին։

Միջոցառման հեղինակները մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էին ընտրել ներկայացվող բանաստեղծությունները, որպեսզի ներկաները կարճ ժամանակահատվածում հնարավորություն ունենային հնարավորինս ճանաչել Շիրազին, զգալ նրա ցավն ու մեծությունը և պատկերացնել, թե ինչու էր Շիրազն իր ծննդյան օրը համարում ապրիլի 24-ը և ինչ ցավ էր զգում ամեն անգամ նայելով բիբլիական Մասիսին։

Սաները Շիրազին ներկայացրեցին այնպես, ասես ողջ կյանքում ուսումնասիրել էին նրա պոեզիան և այն գիտակցմամբ, որ բանաստեղծի գրած յուրաքանչյուր տող ուղղված է հենց իրենց։ Ու նրանց է ուղղված նաև Շիրազի «Կտակը»․

․․․Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,

․․․Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,

Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան։

Սվետլանա Միքայելյանը և Ալլա Համբարձումյանը շեշտը դրել էին նաև միջոցառման սկիզբի և վերջի վրա․ որպեսզի ինչ «գարուններով» էլ շրջապատված լինի օտար հողում ապրող հայը, չմոռանա, որ պապերից իրեն փոխանցված կտակ ունի՝ հետ բերել Մասիսը ։

Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով փոխլացրեցին Արմինե Մարտիրոսյանի ղեկավարած ազգագրական, աշուղական երգի համույթի անդամները, ովքեր երգեցին Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով գրված երգեր։

Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, դիմելով ներկաներին, ասաց․ «Այս միջոցառումը երդում էր ուղղված հայոց լեզվին, հայրենիքին, եկեղեցուն, քանի որ պահելով ձեր լեզուն՝ դուք դառնում եք դրա կրողն ու փոխանցողը։ Շիրազի՝ Մասիսը «տուն դարձած» տեսնելու պատգամն ու ցանկությունը դեռ անկատար է, բայց մեզանից յուրաքանչյուրն այն վերադարձնելու հավատը պետք է ունենա։ Իսկ Մասիսը վերադարձնել հնարավոր է հայրենիքին նվիրյալ զավակ ունենալով․ դուք բոլորդ հենց այդ զավակներն եք»։

Արմինե Կարեյան, Մոսկվա

մոսկվա մոսկվա1 Մոսկվա2 Մոսկվա3 Մոսկվա4 Մոսկվա5 Մոսկվա6

Scroll Up