ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ղազախստանի հայկական երիտասարդական հիմնադրամի մասնակցությամբ

Փետրվարի 23–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ալմաթիի հայկական համայնքի երիտասարդական թևի՝ Ղազախստանի հայկական երիտասարդական հիմնադրամի հետ:
Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով երիտասարդներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ երիտասարդական կազմակերպություն եք ստեղծել: Կարևոր եմ համարում երիտասարդության ակտիվությունը, որովհետև համայնքների գոյատևման, զարգացման հիմքը, հենարանը երիտասարդությունն է, որին պետք է փոխանցենք մեր լեզուն, մեր ավանդույթները: Սիրելի՛ երիտասարդներ, դուք պետք է նախ ձեր բնակության երկրի օրինապաշտ քաղաքացիները լինեք, բայց և շարունակեք հայ մնալ: Պետք է հպարտ լինեք, որ հայ եք, մի ազգի ներկայացուցիչ, որ հազարամյակների պատմություն ունի, հարուստ մշակույթ, որին կնախանձեն շատերը, ազգ, որը 1700 տարի առաջ ընդունել է քրիստոնեությունը: Հայ մեծերի օրինակը ձեզ համար ուղենիշ պետք է դառնա:
Գիտեմ, որ լավ կիրակնօրյա դպրոցներ ունեք, որտեղ հայերեն եք սովորում: Ամեն օր իրար հետ հայերե՛ն խոսեք: Մեր նախագահը կոչ է արել. «Տանը խոսենք հայերեն»: Իսկ տուն նշանակում է եկեղեցի, դպրոց, մշակութային կենտրոն: Կոչ եմ անում շարժում սկսել՝ «Ամեն հայ պետք տեսնի Հայաստանը» նշանաբանով: Հայ մնալու համար շատ կարևոր է ոգևորվել Հայրենիքով: Շատ կուզեի, որ հայկական աշխարհի հետ համահունչ քայլեք, հայության հետ տոնեք մեր բոլոր կարևոր տոները: Կուզենայի, որ միասին հավաքվեք ու կարդաք Համահայկական հռչակագիրը, որը շատ կարևոր քաղաքական, իրավական փաստաթուղթ է: Պետք իմանաք հայ ժողովրդի միասնական պահանջը, դրա իրավական հիմքերը: Կուզենայի, որ կարդաք ու յուրաքանչյուր տողում զգաք, որ դա ամեն հայի համար է, և մեր կարգախոսն է. «Հիշում եմ և պահանջում»: Պետք է հիշենք և պահանջենք»:
Ներկաներին ողջունեց նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը:
Ալմաթիից ողջույնի խոսքով հանդես եկավ և տեսակոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց Ղազախստանի հայկական երիտասարդական հիմնադրամի նախագահ Արմեն Աթանեսյանը: Նա խոսեց կազմակերպության խնդիրների, դժվարությունների, ծրագրերի մասին: Կազմակերպության ղեկավարը խոսեց օդային կապի դժվարությունների մասին, նշվեց որ ինքնաթիռների ուղիղ չվերթների հնարավորության դեպքում կկարողանան ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին, մասնավորապես, Երիտասարդ առաջնորդների դասընթացներին: Խնդրեցին նաև իրենց ուղարկել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ նյութեր, տեսասկավառակներ, խորհրդանիշ-անմոռուկներ:
ՀՀ սփյուռքի նախախարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց գերատեսչության 2015թ. ծրագրերը՝ խրախուսելով դրանցում Ղազախստանի հայ համայնքի առավել մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությունը: Քննվեցին կրթական ծրագրերի իրականացման հարցում առկա ծրագրերն ու լուծման ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, առավել սերտացնել կապը և համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Հեռակոնֆերանսի մասնակիցները ներկայացրին Ալմաթիի հայկական համայնքի երիտասարդական թևի խնդիրներն ու անելիքները: Նախանշվեցին հետագա համագործակցության հարցերը: