Եգիպտոսի Հակաեղբայրացման ժողովրդական ճակատը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Խոսելով վերջերս բացահայտված այն որոշման մասին, որ Թուրքիայի տարածից պետք է հեռարձակվեն արբանյակային ալիքներ` ի նպաստ «Իսլամական եղբայրներ» շարժման, Եգիպտոսի Հակաեղբայրացման շարժման հիմնադիր Մուհամմեդ Սաադ Խեյր Ալլահը կոչ է ուղղել Եգիպտոսին հակազդելու այդ քայլին:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօրը», վերջինս նշել է, որ Եգիպտոսը հանուն մարդկության պետք է ճանաչի թուրքերի իրականացրած հայկական կոտորածները:
«Ապրիլի 24-ին պետք է նշվի մարդկության պատմության մեջ իրականացված ամենաահավոր ողբերգության 100-րդ տարելիցը, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր:
Երբ Եգիպտոսը տեղահանված հայերին դիմավորեց Պորտ Սայիդ նավահանգստում, նրանց մեջ գտավ շինարար և արհեստավոր ժողովուրդ, որոնք միախառնվելով Եգիպտոսի ժողովրդի հետ` զարգացրեցին մետաղագործությունը, նկարչությունը, կինոն և այլ արվեստներ»,-նշել է շարժման հիմնադիրը:
Կոչ ուղղելով հանրապետության նախագահին` Մուհամմեդ Սաադ Խեյր Ալլահն ասել է.
«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` գեղեցիկ նվեր կմատուցեք հայ ժողովրդին` հանուն մարդկության և իբրև աննախադեպ ապտակ Թուրքիային` Եգիպտոսի ներքին հարցերին միջամտելու համար»: