Մասսաչուսեթսի օրենսդիրները պատվոգրեր են հանձնել Ցեղասպանությունը վերապրածներին

Մասսաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներն ու սենատորները պատվոգրեր են հանձնել հայերին, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:

Հունիսի 10-ին օրենսդիրները այցելել են Բոստոնի հայկական ծերանոց (Armenian Nursing and Rehabilitation Center): Նաոմի Արմենը, Ագնեսս Ազնավուրյանը, Արմինե Բաղդիկյանը, Ազատուհի Դոնաբեդյանը եւ Վազգեն Հովհաննիսյանը օրենսդիրների ձեռքերից պատվոգրեր են ստացել, փոխանցում է «Boston Globe-ը»:

Սենատոր Վիլյամ Բրաունսբերգերի խոսքով` իր համար պատիվ եւ հաճույք էր այդ վերականգնողական կենտրոնում հանդիպել խորը պատմությամբ քաղաքացիների: «Նրանք անասելի ցավ են ապրել Ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո, սակայն իրենց ուժի եւ քաջության շնորհիվ կարողացել են մեծ ավանդ ունենալ Մասսաչուսեթսի նահանգի կայացման հարցում, այդ թվում` հետագա սերունդներին Ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի տեղեկություններ հաղորդելով»,-ընդգծել է Մասսաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեթչը:

News.am

Scroll Up