Մայրենիի պաշտպանները՝ հայոց լեզվի մասին…

Մայրենի տոնին ընդառաջ «Հայերն այսօր»ը զրուցել է ոլորտին առնչվող և հասարակության մեջ ճանաչում ունեցող մարդկանց հետ. նրանք պատասխանում են Մայրենիին վերբերող մի շարք կարճ հարցերի: Այսօր ներկայացնում ենք  ՀՀ  վաստակավոր  արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի և Երևանի Կուպալյանի անվան մասնավոր վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանի հետ հարցազրույցը:

Սիլվա Յուզբաշյան. «Մայրենին ինքնությունս է»

-Մայրենին ինձ համար

Մայրենին ինքնությունս է, ինձ ծնող-սնող-պահպանողն է, լինելիությանս հիմքերի հիմքն է և ինչպես Բայրոնն է ասում՝ Աստծու հետ խոսելու միակ լեզուն է…

Մայրենիի տոնը…

Տո՞նը…հրաշալի է, որ տիկին Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ՝ ի պաշտոնե,  ամեն տարի՝ փետրվարի 21-ին, նշում ենք Մայրենիի օրը: Բայց կուզեի, որ յուրաքանչյուր բացվող օրը Մայրենիի տոն դարձնենք, փայփայենք ու փայլեցնենք մեր ոսկեղենիկը…Հողը, որի վրա ապրում ենք, նախևառաջ լեզու է. ոչինչ  չունենք ավելի հայկական, որքան մեր լեզուն:

-Հայերենում Ձեր սիրած բառը և արտահայտությունը…

Սիրած բառը ոսկեղենիկն է, իսկ արտահայտությունը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ինչպես գիտենք, սա հայերեն տառերով գրված առաջին նախադասությունն է:

-Արևմտահայերեն սիրված բառը կամ արտահայությունը…

Սիրում եմ հոգիս բառը…

-Մայրենիին նվիրված սիրելի բանաստեղծությունը …

Իհարկե, կան սիրելի բանաստեղծություններ և հատվածներ բանաստեղծություններից, բայց շուրթերիս միշտ թառում են Եղիշե Չարենցի այս տողերը. «Մեր լեզուն ճկուն է և բարբարոս»:

-Մայրենի լեզվի առաջին ուսուցիչը կամ ուսուցչուհին…

Առաջին ուսուցչուհիս Ռոզա Պետրոսյանն է եղել, ով ինձ հայերեն գրել-կարդալ սովորեցրեց: Հետո մեր դասական բանաստեղծները  ուսուցիչներս դարձան:

-Դասական, թե նոր ուղղագրություն

Երկուսն ՝անխտիր…

-Մայրենին՝ այսօր

-Եվ՛ չարչրկված, և՛ որբի գլուխ դարձած…

-Մայրենին՝ երիտասարդների շուրթերից

Կներեք, բայց բնորոշելու համար պետք է օգտագործեմ ժարգոն արտահայտությունը.ախտ, որ վարակի նման ապականել է երիտասարդների գերակշռող մասի շուրթերը:

 

Նարինե Բաղդասարյան.  «Մայրենիի տոնին հոգիս հպարտությամբ  է լցվում»

-Մայրենին ինձ համար…

Մայրենին ոչ միայն  իմ, այլև մեր ունեցած մեծագույն գանձն  է, մեր արյան և հոգու կանչը:

-Մայրենիի տոնը…

Մայրենիի տոնն այն տոներից է, երբ հոգիս լցվում է հպարտությամբ, էությունս  միաձուլվում է մտքիս և դառնում ներդաշնակություն:

-Հայերենում Ձեր սիրած բառը և արտահայտությունը…

Սիրած բառեր շատ կան: Օրինակ՝ մայրիկ, կյանք, սեր…ուղղակի շատ եմ գործածում  արևս ու բալիկս բառերը:

-Արևմտահայերեն սիրված բառը կամ արտահայությունը…

Սիրելի են աղվորիկ, աճապարանք, շիտակ բառերը:

-Մայրենիին նվիրված սիրելի բանաստեղծությունը…

Ինձ համար Եղիշե Չարենցի «Մեր լեզուն» բանաստեղծությունն է, որում հոգի և սիրտ կա, սեր և ընդվզում, քնքշություն ու մաքրություն, հպարտություն և պարծանք:

-Մայրենի լեզվի առաջին ուսուցիչը կամ ուսուցչուհին…

Մայրենիիս առաջին ուսուցչուհին, ով թև տվեց մտքիս, հնարավորություն տվեց ոսկեղենիկ մայրենիով շարադրելու մտքերս, տիկին Նավասարդյանն է:

-Դասական, թե նոր ուղղագրություն

Առհասարակ սիրում եմ ավանդական դասականը…

-Մայրենին՝ այսօր

Մայրենին այսօր կոտրտված թևով մի միրհավ է հիշեցնում.եթե բարեգութ լինենք, անշուշտ թև կառնի ու կթռչի՝ հիացնելով աշխարհին: Մեծերից շատերը պատիվ են համարել մեր լեզվին տիրապետելը: «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այդ լեզուն. դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանելը»,-գրել է Ջորջ Բայրոնը:

Ուրեմն յուրաքանչյուրիս պարտքն է անաղարտ պահելը մեր մայրենին:

-Մայրենին՝ երիտասարդների շուրթերից…

Ցավոք, երկու ծայրահեղ բևեռներ եմ տեսնում. մի կողմում՝ կիրթ, իրեն, ազգն ու լեզուն հարգող ընտիր երիտասարդություն, ով գիտի հարգն ու պատիվն իր լեզվի ու հայրենիքի, մյուսում՝ ժարգոնային  «էթըմ», «գալըմ»-ներով խեղաթյուրված խոսք ու դրանցից բխող գավառամտություն ու վարք: Ցավալի է, բայց փաստ:

 Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up