Արցախին զորավիգ կանգնելու ցույց Հաագայում

2015 թ. փետրվարի 27-ին, ժամը 12-ին հոլանդահայությունը բողոքի ցույց կանցկացնի Հաագայի Ադրբեջանի դեսպանատան առջև` ի հիշատակ ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. տեղի ունեցած հայերի ջարդերի: Հասցեն` Andries Bickerweg 6 – 2517 JP Den Haag. 2015 թվականը տարբեր առումներով նշանավոր տարի է։ Այս տարի լրանում է ոչ միայն Հայոց Մեծ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլ նաև Բաքվի ջարդերի 25-րդ տարին։

Հայոց նորօրյա ազատագրական պայքարը սկսվեց քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով։ Հինավուրց Արցախի ժողովուրդը հավատում էր 20-րդ դարի հասարակական կարգերի բարձր մակարդակին և մտադիր էր իր պահանջները բացառապես սահմանադրական և խաղաղ ճանապարհով առաջադրել։ Սակայն հայ ժողովրդի հաշվարկները սխալ դուրս եկան և պարզվեց որ քաղաքակրթության արդի զարգացումները անհաղորդ անցել են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողքով։ Հայ ժողովրդի արդար սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանեց աննախընթաց ագրեսիայով, որի սկիզբը դրվեց 1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթում և հետագա տարիներին Գանձակում և Բաքվում գտավ իր զարհուրելի շարունակությունը։

Արդեն քառորդ դար Ադրբեջանը շարունակում է բռնության և ուժի քաղաքականությունը և փորձում է խեղդել Արցախի ժողովրդի ազատ կամքը։ Արհամարելով իր սեփական զինվորների կյանքը, նա շարունակում է արկածախնդիր հարձակումներ գործել Արցախի և Հայաստանի սահմաններին՝ անընդհատ խախտելով 1994 թվականին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը: Միացյալ ազգերի կազմակերպությունը տարիներ առաջ այս հարցի հանգուցալուծումը հանձնարարել է ԵԱՀԽ-ին և վերջինս ամեն անգամ հաստատել է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Այդուհանդերձ Ադրբեջանի կառավարությունը արհամարհելով միջազգային հասարակայնության կարծիքը, շարունակում է պատերազմական գործողությունները՝ խլելով բազում անմեղ կյանքեր: Հոլանդահայությունը պատերազմական այս գործողությունները դիտում է որպես թուրք-ադրբեջանական միավորման, արդեն հարյուրամյակներ տևող ցեղասպանական քաղաքականության շարունակություն։ Այս միավորումը պետք է վերջնականապես հաշվի նստի Հայոց պետության գոյության փաստի հետ և հարգի հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը իր պատմական հայրենիքում։

Մենք պահանջում ենք նաև մեր երկրի կառավարությունից հստակ և հետևողական քաղաքականություն Ադրբեջանի իշխանության ֆաշիստական դրսևորումների հանդեպ։ Իրերն իրենց անունով կոչելով և իրական ագրեսորին սաստելով միայն կարելի է հասնել հարատև խաղաղության: Ամեն տարի մենք փետրվարի 27-ին հարգում ենք Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքներում, անցած դարի 90-ական թվականներին, զարհուրելի ձևով սպանված մեր հայրենակիցների հիշատակը։ Կես միլիոնից ավելի հայ քաղաքացիներ ստիպված եղան թողնելու իրենց օջախները և դարձան փախստական։ Այս տարի նույնպես հոլանդահայությունը իր բողոքի հզոր ձայնը կհնչեցնի Հաագայում՝ Ադրբեջանի դեսպանության առջև կազմակերպված հանրահավաքին։ Աշխարհի ողջ հայության նման մենք զորավիգ ենք Արցախի բնակչության իրավունքներին։

Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ

Scroll Up