Հայկական արվեստն Օսմանյան կայսրությունում. ԱՄՆ-ում կոնֆերանս տեղի կունենա. News.am
Արարատ-Էսքիջյան թանգարանն ու Քալիֆորնիա նահանգի համալսարանի հայկական հետազոտությունների ծրագիրը Նորթրիջում կազմակերպում է կոնֆերանս՝ «Հայկական արվեստն ու մշակույթն Օսմանյան կայսրությունում մինչեւ 1915թ.-ը», որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումը տեղի կունենա 2014թ.-ի հոկտեմբերի 18-ին քալիֆորնիական Միշն-Հիլզում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Կոնֆերանսին կներկայացվեն տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են հայկական արվեստին Օսմանյան կայսրությունում, օրինակ. «Կոթողային աշխատանքներից մինչեւ մանրանկարներ. հայկական կրոնական ձեռագործությունը կոստանդնուպոլսյան եկեղեցիներից», «Դանդաղեցված զարգացում. արեւմտահայ թատրոնը 19-րդ դարում», «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրության երաժշտական կյանքում եւ դրա սահմաններից դուրս», «Օսմանյան կայսրության հայ ճարտարապետները», «Օսմանյան կայսրության հայ ոսկերիչներն ու արծաթագործները» եւ այլ թեմաներ:
Կոնֆերանսի օրը Արարատ-Էսքիջյան թանգարանում նաեւ տեղի կունենա հատուկ ցուցադրություն Օսեփ Թոքաթի մասնավոր հավաքածուից, ով հանդիսանում է «Հայ արծաթագործ վարպետները» գրքի հեղինակը: