«Արի տուն»-ը դռները բացում է hիշելով և պահանջելով…

Ամռանը կվերսկսվի սփյուռքի նախարարության սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2015 ծրագիրը: Արի տան կանչով օտար ափերից կարոտով նորից հայրենիք կայցելեն հայ պատանիները և աղջիկները, նորից Հայաստան աշխարհը ծնողական սիրով իր գիրկը կառնի նրանց` պարգևելով հայրենիքը վայելելու, նոր գույներով բացահայտելու բերկրանքը: Հատկապես նրանց համար, ովքեր երբեք ոտք չեն դրել հայրենի հողին, չեն շնչել հայոց լեռների թարմ օդը…

Ի՞նչ է ստանում սփյուռքի երիտասարդը, երբ «Արի տուն» ծրագրին է մասնակցում: Սա բազմաշերտ և տարաբնույթ պատասխաններով լի հարց է, որը բազմաթիվ անգամ է քննարկվել: Այս ծրագրի թիվ մեկ հրամայականը աշխարհի բյուր ծագերում բնակվող հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել է Հայաստան-հայրենիքին, նրանց մեջ ազգային ինքնության գիտակցության սերմանելը, իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին ծանոթացնելը, Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանն աջակցելը և հայրենիքի հանդեպ հավերժական սիրով պարուրելը:

Սա առավել, քան երբևէ հրատապ խնդիր է հայրենիքից դուրս ապրող միլիոնավոր երիտասարդների համար, ովքեր բնակության երկրների լեզվական, մշակութային, հոգևոր, սոցիալական, քաղաքական ազդեցությունների պայմաններում ընդունում են տեղի բարքերը, նիստուկացը, մոռանում մայրենի լեզուն` հեռանալով սեփական արմատներից և կորցնելով հայի նկարագիը: «Արի տուն»-ը սփյուռքի երիտասարդներին մեծ հնարավորություն է տալիս վերադառնալ ազգային ինքնագիտակցությանը, հայրենի եզերքում ճանաչել սեփական պատկանելիությունը, ակունքները, շփվել հայերենով խոսող հասակակիցների հետ  և ճանաչել Հայաստան-հայրենիքը: Կարևոր հանգամանքներից է ծրագրի մասնակիցների միջև ընկերային-բարեկամական հարաբերությունների ձևավորումը. հագեցած զբոսաշրջությունից հետո երեխաները ավելի են մտերմանում, իսկ  վերադառնալով իրենց բնակավայրերը` կապը, բնավ, չեն կտրում, քանի որ նույն գորովով շարունակում են շփվել հայաստանյան և սփյուռքյան  քույր-եղբայրների հետ: Իսկ երբ գալիս է բաժանման պահը, աննկարագրելի է դառնում նրանց ապրումները. ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են ճամպարային հանգստի վերջին օրը` Հրաժեշտի խարույկին, հույզերին տեղի տված, արցունքախառն աչքերով փարվում իրար` փորձելով հնարավորինս ձգձգել հրաժեշտի պահը:

«Արի տուն» ծրագրի կայացման, զարգացման և նոր ծիլեր գցելու առհավատչյան հենց սփյուռքահայ երեխաների հնչեցրած սրտաբուխ, անկեղծ խոսքերն են. «Ի՜նչ լավն է իմ հայրենիքը, ափսոսում եմ, որ  վաղուց չէի եկել Հայաստան, չենք ուզում հեռանալ… »:

Հայրենասիրական շունչն ու ոգին երիտասարդների մոտ վառ է արտահայտվում, երբ Ծիծառնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելում: Այս վայրերից հեռանալուց հետո տղաները մեկ բառով են արտահայտում հոգու պոռթկումը. «Ես կուզեմ Հայաստան գալ եւ ծառայել ազգիս բանակին»:

«Արի տուն» ծրագրի իրականացման գլխավոր պայմանը  հյուրընկալող ընտանիքներն են, ովքեր անշահախնդիր,  հային վայել հյուրասիրությամբ են   իրենց օջախի դռները  բացում Սփյուռքից ժամանած երիտասարդների առջև և հարազատ ծնողների նման գուրգուրում նրանց:

Ի դեպ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի hամահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները ծրագրի ավարտից հետո  իրենց երախտիքի խոսքը ասելու համար նախաձեռնեցին այցելել այդ ընտանիքներ: Աշխատակիցների փոխանցմամբ բոլորը ջերմությամբ ու ժպիտով են խոսում երեխաներից, և նրանցից շատերը վստահեցրել են, որ պատրաստամ են կրկին ընդունելու նրանց իրենց հարկի տակ:

ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքի երիտասարդների «Արի տուն» 2015 թվականի ծրագրի մեկնարկը տրվում է հունիսի 14-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ը` 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր): Երիտասարդները կմասնակցեն հայոց լեզվի դասընթացներին, կայցելեն Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրեր: Ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր, հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ, հանդիպումներ կունենան  Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Նախարարության բոլոր ծրագրերը, այդ թվում` «Արի տուն»-ը, նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո ծրագրի շրջանակում անցկացվելու են դասեր, գրական-երաժշտական միջոցառումներ, հուշ-երեկոներ:

Բարի երթ, քե՛զ սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» դարբնոց, բարի գալուստ աշխարհասփյու՛ռ հայորդի, Հայաստան-հայրենիք…

                                                                                                                             Գևորգ Չիչյան 

Scroll Up