ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Անհնար է փակել ներսից կողպած դուռը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Տիգրան-Բալայան.jpg)
Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե «Հայաստանը փակել է խաղաղության դուռը»։
«Մենք գիտենք, որ հայկական սփյուռքը հակաթուրքական քարոզչություն է տանում։ Մենք ջանքեր ենք գործադրել նոր էջ բացելու համար, սակայն, դժբախտաբար, մեր մեկնած ձեռքը օդում է մնացել։ Մենք ասացինք՝ եկեք 100-ամյակի նախաշեմին հանենք այդ հարցը քաղաքական օրակարգից եւ տեղափոխենք գիտական հարթակ։ Ապրիլի 24-ին մենք հրավիրեցինք Չանաքալե, սակայն Հայաստանը փակեց խաղաղության դուռը»,- հայտարարել էր Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճակատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:
Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:
ՀՀ նախագահի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: