ՊԲ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների. Շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք, խփվել 2 զինվոր

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: PanARMENIAN.Net – ի փոխանցմամբ` ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ամբողջ առաջնագիծը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց:

Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բացի վերոնշյալ խախտումներից, ադրբեջանական ագիտպրոպը սեփական զինուժի կորուստները պարտակելու և հանրության շրջանում հաղթական տրամադրություններ ձևավորելու համար դիմել է էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկականանօդաչու թռչող սարք: Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն: Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետել են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր երկու անգամ քիչ կրակոց. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 19-ից 24-ն ընկածշ ժամանակահատվածում խախտել է մոտ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20.000 կրակոց:

Scroll Up